16.04.2021
Ս. թ. ապրիլի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և Արա Քեթիբյանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԵՐԳԱՆՔ ԵՎ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ: ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԻ 1890-1922 ԹԹ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ» («ARMENIAN GENOCIDE: PRELUDE AND AFTERMATH. AS REPORTED IN THE U.S. PRESS. THE WASHINGTON POST (1890-1922)») 10 հատորանոց մատենաշարի վեցերորդ և յոթերորդ հատորների շնորհանդեսը:
Բազմահատորյակի առաջին հինգ հատորում ներկայացված են ամերիկյան առաջատար օրաթերթերի («Նյու Յորք Թայմս», «Քրիստիան Սայենս Մոնիտոր», «Բոստոն Դեյլի Գլոբ») անդրադարձները՝ ընդհանուր առմամբ 6696 հոդված:
Վեցերորդ և յոթերորդ հատորներում հեղինակները ներկայացնում են «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի 1890-1922 թթ. անդրադարձները: Գրքերում զետեղված հրապարակումներն արժեքավոր տեղեկություններ և արխիվային նյութ են պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ կարևորելով մատենաշարի ներդրումը հայագիտության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:
Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանը նշեց, որ բազմահատորյակում ընթերցողին ժամանակագրական հաջորդականությամբ հասանելի է դառնում ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ և այլն։
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, ով նաև հատորների նախաբանի հեղինակն է, տեսակապով իր ողջույնի խոսքն ուղղեց հյուրերին և կրկին ընդգծեց այս աշխատության կարևորությունը:
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ՀՑԹԻ ասպիրանտ Հայկ Մկրտչյանը ժամանակագրական հերթականությամբ մանրամասն ներկայացրին աշխատության առաջին և երկրորդ մասերը՝ քննության առնելով առավել հետաքրքրական հոդվածները:
Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել Արա Քեթիբյանին: