16.05.2024
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը:
Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Էդիտա Գզոյանը Սթիվեն Վան Վեյենբերգին ներկայացրեց ՀՑԹԻ գրադարանում պահվող 1918 թ. լույս տեսած “Marteling der Armeniers in Turkije, naar berichten van ooggetuigen. Uitgegeven door het Nederlandsch comite tot hulpbetoon aan de noodlijdende Armeniers” [Թուրքիայում հայերի խոշտանգումները՝ ըստ ականատեսների հաղորդումների. Նիդերլանդների կոմիտեի կողմից վշտահար հայերին օգնություն ցուցաբերելու համար] գիրքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց Նիդերլանդների ֆինանսների նախարարի մոտ, հատկապես, որ գրքում կար անդրադարձ Անտոն Վան Գեյնին՝ Նիդերլանդների ֆինանսների նախարարին (1916-1917 թթ.), ով եղել էր հայերին օգնելու նիդերլանդական կոմիտեի կազմում: ՀՑԹԻ տնօրենը խոսեց նաև հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի մասին, ում հետ համատեղ 2022 թ. ՀՑԹԻ-ում կազմակերպվել էր «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: