16.06.2023
Մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող Հայոց պատմության մասնագիտական խորհրդի նիստում տեղի է ունեցել ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը 1920-1950-ական թթ․» թեմայով։
Ուսումնասիրության առարկան ԼՂԻՄ ժողովրդագրական խնդիրներն են: Հետազոտության նպատակն էր բացահայտել ԼՂԻՄ ժողովրդագրական պատկերը և վեր հանել ուսումնասիրվող ժամանակաշրջանում դրանք պայմանավորող գործոնները։ Ատենախոսությունը բաղկացած է երեք գլուխներից: Ատենախոսության առաջին՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը 1920-ական թթ․ առաջին կեսին» գլխում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի բնակչության ժողովրդագրական հատկանիշները՝ ըստ 1921 թ. գյուղատնտեսական մարդահամարի տվյալների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնները 1920-ական թթ. առաջին կեսին:
Ատենախոսության երկրորդ՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդագրական պատկերը 1920-ական թթ․ երկրորդ կեսին-1930-ական թթ․» գլխում ներկայացված են ԼՂԻՄ բնակչության ժողովրդագրական հատկանիշներն ըստ 1926 թ. և 1939 թ. համամիութենական մարդահամարների տվյալների, ինչպես նաև ԼՂԻՄ ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները 1920-ական թթ․ երկրորդ կեսին-1930-ական թթ.:
Ատենախոսության երրորդ՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդագրական պատկերը 1940-1950-ական թթ․» գլխում ներկայացված են հիշյալ ժամանակաշրջանում ԼՂԻՄ ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնները, ԼՂԻՄ ժողովրդագրական հատկանիշներն ըստ 1959 թ․ համամիութենական մարդահամարի տվյալների և ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իրականացրած ժողովրդագրական ինժեներիայի քաղաքականությունը:
Գայանե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ. Աշոտ Մելքոնյանն էր, իսկ պաշտոնական ընդդիմախոսները՝ պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը և պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը:
Շնորհավորում ենք Գայանե Հովհաննիսյանին պաշտպանության առթիվ` մաղթելով շարունակական հաջողություններ գիտության ոլորտում։