16.09.2024
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի աիտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Ստեֆան Սեժուրնեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ մարտին բացված «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ժամանակավոր ցուցադրությանը: Այնուհետև նախարարը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Ստեֆան Սեժուրնեին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Այցի ավարտին Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողի մոտ: