16.10.2014
Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը:
Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Ելույթ կունենա նաև գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը:
Պատկերազարդ այս հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված XIX-XX դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը:
Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված բռնությունները դատապարտող այս հրապարակումները դառնում են միջնորդավորված վկայություններ Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին: