17.02.2015
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փետրվար ամսվա գիրք է ճանաչում «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գիրքը:
Այս հուշագրությունը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:
Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խորը վերլուծություն` այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով: Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաև ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհայի պատերազմի մեջ:
Դեսպան Հենրի Մորգենթաուի` ականատեսի և վերլուծողի ճշգրտությամբ շարադրած պատմությունը կարևոր սկզբնաղբյուր է թուրքական ժամանակակից պատմագրության ժխտողական քաղաքականության դեմ:
«Երբ թուրքական իշխանություններն այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ»:
Հենրի Մորգենթաու
1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանն Օսմանական Կայսրությունում