17.02.2023
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում
Դպրոց՝ Արտստեմ (ArtSTEM) վարժարան
Փետրվարի 17-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Արտստեմ (ArtSTEM) վարժարանի աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի «Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում» վերնագրով դասախոսությունը: Գայանե Հովհաննիսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց ադրբեջանական պատմագիտության հիմնադրույթները, այլատյացության և հատկապես հայատյացության քարոզը ադրբեջանական պատմության դասագրքերում։ Ներկայացվեց նաև հայատյացության քաղաքականության հետևանքները 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, մասնավորապես՝ հակահայկական տրամադրությունների դրսևորումները ադրբեջանական սոցիալական ցանցերում (մեկնաբանություններ, հարցումներ, հայտարարություններ)։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արտստեմ (ArtSTEM) վարժարանի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ իրենց ուսուցչուհու՝ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանի ուղեկցությամբ ծանոթացան նրա հեղինակած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: