Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ այսօր բացվեց ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:
Բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: ՀՑԹԻ տնօրենը Ազգային գրադարանին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կողմից այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ:
«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:
Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:
Ցուցադրությունը բաց կլինի երեք օր: