17.06.2017
ՀՑԹԻ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը անցյալ ամիս Երուսաղեմում մասնակցել է «Սալոնիկ՝ բազմամշակութային քաղաք Օսմանյան կայսրությունում և Հունաստանում» խորագիրը կրող աշխատաժողովին:
Որպես հրավիրյալ զեկուցող ՝ Շուշան Խաչատրյանը ներկայացրել է «Թեսաղոնիկեն աստվածաբանության մեջ. միստիցիզմ, վախճանաբանություն և առաքելություններ» թեմայով ելույթը: Զեկուցման մեջ նա անդրադարձել է քրիստոնեական աստվածաբանության մեջ Թեսաղոնիկեի՝ Սալոնիկ քաղաքի դերին ու նշանակության ՝ որպես Պողոս առաքյալի քարոզի կարևորագույն կենտրոններից մեկի:
Քաղաքի հիշատակումը Նոր Կտակարանում և դրան առնչվող աստվածաբանությունը հիմք տվեցին Արևմտյան բողոքական միսիոներներին քարոզելու այս քաղաքում՝ սկսած 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարասկիզբ:
Զեկուցման մեջ հիմնական շեշտը դրվել է բողոքական քարոզչությանը հրեական աղանդ հանդիսացող սաբատայների՝ դյոնմեների համայնքին՝ կրոնա-պատմական զուգահեռներով ու մեկնաբանություններով, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բողոքական այն առաքելություններին, որոնք զբաղվում էին ցեղասպանության հայ, հույն, և ասորի որբերի խնամքով: