2020 թ. ՀՑԹԻ-ում մեկնարկվեց գիտական բացառիկ ձեռքբերումով:
Ցեղասպանագիտության ոլորտի հեղինակավոր «Holocaust and Genocide Studies» պարբերականում լույս տեսավ ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի (պ.գ.թ., ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն), Ռեգինա Գալուստյանի (ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող) և Շուշան Խաչատրյանի (պ.գ.թ., Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ) համահեղինակած անգլալեզու հոդվածը՝
«Reclaiming Children after the Armenian Genocide: Neutral House in Istanbul» վերնագրով:
Ոլորտում մեծ հեղինակություն վայելող այս պարբերականում տարբեր տարիներին իրենց աշխատանքները տպագրել են անվանի ցեղասպանագետ-գիտնականներ, որոնց թվում են երախտավոր հայ գիտնականներից ու ուսումնասիրողներից Վահագն Դադրյանը, Վիգեն Գուրոյանը, Ռուբեն Փոլ Ադալյանը, Փիթեր Բալաքյանը:
ՀՑԹԻ տնօրեն պարոն Հարություն Մարությանը, շնորհավորելով հոդվածի հեղինակներին, նկատեց, որ նրանք սույն պարբերականում տպագրվող առաջին հայաստանցի հետազոտողներն են:
Սույն ուսումնասիրությունը կատարվել է 2016-2018 թթ.՝ Գիտության կոմիտեի՝ 16YR-6A028 ծածկագրով երիտասարդ գիտնականներին տրամադրվող թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում:
Հիմնվելով գլխավորապես արխիվային նյութի վրա, որոնք հիմնականում գտնվում են Ազգերի լիգայի արխիվում (ժնև, Շվեյցարիա), Մաշտոցյան Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում՝ ՀՑԹԻ գիտաշխատողների թիմը կարողացավ գիտական հանրությանը ներկայացնել այս հոդվածը:
Ուսումնասիրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ երեխաների ինքնության վերադարձին, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններին ու Չեզոք տան գոյության ընթացքում կատարված աշխատանքներին, տրամադրում է վիճակագրական տվյալներ:
Քրիստոնյա որբերի մի որոշակի քանակ Հայոց ցեղասպանության ընթացքում հայտնվել էր իսլամացման համար նախատեսված որբանոցներում և մուսուլմաների տներում: Մուսուլմանների տներից և որբանոցներից հայ երեխաներին դեպի իրենց իրական ինքնությունն ու ազգային-կրոնական պատկանելությունը վերադարձնելու առաքելությունը ստանձնեցին և ի կատար ածեցին Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը և վերջինիս կողմից իբրև այդ գործի անմիջական կատարող նշանակված պոլսահայ արձակագիր, հայտնի գրագիտուհի Զարուհի Պահրին. ստեղծվեց Կ. Պոլսի Չեզոք տունը:
Պատմական և իրավական կարևորությունից բացի, աշխատանքը կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության՝ հոգեբանական գիտության ոլորտում կատարվող ուսումնասիրությունների համար, քանի որ ներկայացնում է երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությունը, երեխաների՝ իրենց ինքնության վերադարձին նպաստող մանրամասներն ու որբերի կյանքի պատմությունները:
Նշենք, որ միջազգային ցեղասպանագիտության դաշտում առաջատարի հեղինակություն ունեցող Օքսֆորդի համալսարանի հրատարակչության «Holocaust and Genocide Studies» պարբերականը լույս է տեսնում 1987 թվականից որպես ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի պարբերական:
«Holocaust and Genocide Studies» պարբերականը