Մայիսի 14-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու «Ֆռնջյան» սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի Հայ առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով: Բացման արարողությանը ներկա էին ֆրանսահայգաղութի ներկայացուցիչներ և պաշտոնական հրավիրյալներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Կլամարի և Արնուվիլի քաղաքապետերը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մաս կազմող արտասահմանյան մամուլի այս ընտրանին ձեռք է բերվել կիպրահայ բարերար Տիգրան Քալայջյանի աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Արք. Զաքարյանը, Ֆրանսիայի ծխական խորհուրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Բացման իր խոսքում ՀՑԹԻ տնօրեն Հ. Դեմոյանը նշեց.
«Այս ցուցադրությունը բացառիկ է այն առումով, որ այն հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի: Ներկայացված նյութերը վերստին ապացուցելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը, միաժամանակ հաստատում են այն կարիքը, որ այն երկիրը, որն իրագործեց ցեղասպանությունը և ներկայումս ժխտում է դրա եղելությունը, պետք է դատապարտվի մարդկության ու քաղաքակրթության օրենքներով»:
Բազմաթիվ ֆրանսահայեր ու ցուցադրության բացմանը մասնակցած ֆրանսիացի հյուրեր դրականորեն արձագանքեցին նման ցուցադրության բացման կապակցությամբ` կարևորելով այն արտասահմանյան երկրներում ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից:
Ցուցադրության բացման արարողության ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆրանսիայի ծխական թեմի ատենապետ Պատրիս Ճոլոլյանին հանձնեց ՀՑԹԻ «Ոսկյա մեդալը»` ի նշան երախտագիտության Ճոլոլյան ընտանիքի կողմից թանգարանին նվիրված բացառիկ փաստաթղթերի ու արժեքավոր թանգարանային միավորների:
Այս ցուցադրությամբ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը ներկայացնում է տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունների շարքի ներկայացումը արտասահմանյան մի շարք քաղաքներում:
2011թ. ընթացքում ՀՑԹԻ նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ու թանգարանի գործընկերների համատեղ ջանքերով տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում: