18.05.2024
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Հայոց ցեղասպանության թանգարանը 2014 թ.-ից ի վեր մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի իրականացվում է հենց Թանգարանների միջազգային օրը՝ «Կրթության և հետազոտության թանգարաններ» խորագրի ներքո:
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուները, հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց բացի հնարավորություն ունեցան մասնակցելու երկու դասախոսության: Օրվա առաջին բանախոսը ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն էր, ով ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսություն: Երկրորդ բանախոսը ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն էր, նա ներկայացրեց «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը. ականատես վերապրողների վկայություններ» վերնագրով դասախոսություն:
Այս տարի առաջին անգամ Հայոց ցեղասպանության թանգարան եկած բոլոր այցելուները հնարավորություն ունեին որպես նվեր իրենց հետ վերցնել ՀՑԹԻ տարբեր տարիներին հրատարակած գրքեր: Այս նախաձեռնությունը կշարունակվի նաև մոտակա օրերին: