Հունիսի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում (վարչական մաս, գիտաժողովների սրահի հարևանությամբ) տեղի ունեցավ թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։
Ողջույնի ու բացման խոսք ասեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը.
«Թանգարան-ինստիտուտի համար Ժանսեմի կտավների ցուցադրության կազմակերպումը սկզբունքային հարց էր: Ուրախ ենք, որ, ի դեմս ԱՐԱՐԱՏ թանգարանի, գտնվեց գործընկեր-աջակից։ Վերջիններիս հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակներում, այսօր հնարավորություն ունենք հանրության առջև բացել և՛ պատկերասրահը, և՛ Ժանսեմի կտավների մշտական ցուցադրությունը»:
Ցուցադրության մասին, Ժանսեմի ստեղծագործական կյանքի մասին խոսեց ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը, նա իր խոսքն ամփոփեց Ֆրանսիացի տեսաբան Քրիստիան Բլանի Ժանսեմի կտավների մասին հետևյալ մտքով.
«Կորուսյալ հոգիներն իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մեջ: Նա կտավին է հանձնել այն, ինչն աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:
Միջոցառմանը մշակութաբան, ցեղասպանագետ, պ.գ.թ. Հասմիկ Գրիգորյանը ներկայացրեց գիտահետազոտական ակնարկ Ժանսեմի գեղանկարչության և դրանում արտացոլված բռնության մշակույթի վերաբերյալ։
Ցուցադրության մեջ ներկայացված են ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝ 34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001 թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց:
2002 թ. Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ (2002 թ. հունիսի 21-ին) աշխարհահռչակ նկարիչն իր «Եղեռն» շարքը նվիրատվության կարգով հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Նշենք, որ ՀՑԹԻ պատկերասրահը գործելու է երեքշաբթիից-շաբաթ, ժամը՝ 10։00-16։30:
Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել թանգարանի գրախանութից: