20.03.2021
Սույն թվականի մարտի 19-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գրքի՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում» շնորհանդեսը:
Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով իր խոսքում նշեց, որ գիրքը գրվել է Արցախյան երկրորդ պատերազմի ծանր օրերին՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել Արցախի հիմնախնդրի խորությունը և հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ժամանակի ամերիկյան մամուլի անդրադարձները: Հարություն Մարությանը կարևորեց հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը և հավելեց, որ նոր աշխատությունը հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում:
Գրքի հեղինակ Արա Քեթիպեանի խոսքով գիրքը «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» բազմահատորյակի գաղափարական շարունակությունն է: Ընթերցողին ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դառնում Արցախում, Նախիջևանում, Զանգեզուրում և Բաքվում 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարական ագրեսիայի վերաբերյալ ժամանակի ամերիկյան հեղինակավոր վեց պարբերականների (The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times, The Washington Post) հրապարակումները: Գրքում ներկայացվում են ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ, քարտեզներ և այլն։
Արա Քեթիպեանը նշեց, որ գիրքը հեղինակելու համար գլխավոր դրդապատճառը Արցախյան երկրորդ պատերազմի օրերին միջազգային լրատվականների այն սխալ պնդումն էր, որ հայ-ադրբեջանական հակասություններն ի հայտ են եկել 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին: Հեղինակը զուգահեռներ անցկացրեց 20-րդ դարասկզբի և Արցախյան վերջին պատերազմի միջև՝ նշելով, որ երկու դեպքում էլ առկա էին թուրքական ռազմական միջամտությունը և միջազգային հանրության անտարբերությունը:
ՀՑԹԻ ասպիրանտ Հայկ Մկրտչյանը նախ ներկայացրեց հեղինակի անցած մասնագիտական ուղին, ապա մասնավոր հրապարակումների վերլուծությունների հիման վրա վերհանեց գրքի մեծ արժեքը՝ ընդգծելով, որ այն մեծ ձեռքբերում է ինչպես թեմայով հետաքրքրված մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։
Շնորհանդեսին ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել հեղինակին: