19.07.2022
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանը և հյուպատոս պարոն Ահմադ Հասսան Ալատհբան հուլիսի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարության հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ օսմանյան կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հյուրերին ներկայացվեց արաբ իրավաբան, հայակական կոտորածների ականատես Ֆայեզ ալ-Ղուսեյնի կյանքի և գործունեության մասին:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Նորա Արիսյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Նորա Արիսյանին շնորհակալություն հայտնեց այցի համար և նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: Վերջինս մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Հալեպի Փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գրքին և նշեց, որ գրքի մասին կտեղեկացնի Հալեպի հայ համայնքին: