19.07.2024
Հուլիսի 16-ից 18-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոցը: Արդեն վեցերորդ անգամ անցկացվող ամառային դպրոցին այս տարի մասնակցեցին հայոց պատմության և հասարակագիտության շուրջ չորս տասնյակ ուսուցիչներ Երևանից և մարզերից:
Մասնակից ուսուցիչներին ողջույնի խոսք ուղղեցին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը: Ամերիկյան GenEd կազմակերպության մասին հակիրճ ներկայացրեց կազմակերպության ղեկավար Ռոքսան Մաքասջյանը, ապա Հայոց ցեղասպանության դասավանդման իրենց փորձով հայ ուսուցիչների հետ կիսվեցին ամերիկյան դպրոցների ուսուցիչներ, GenEd կազմակերպության անդամներ Քերի Ֆլինն ու Քրիստինա Շիրանեանը: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները որպես միջազգային հանցագործություն և անդրադարձավ միջազգային իրավունքի ու 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ստեղծման մեջ Հայոց ցեղասպանության դերին: ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը խոսեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ և ընթացքում իշխող գաղափարախոսություններին՝ օսմանիզմին, պանիսլամիզմին, թուրքիզմին և պանթուրքիզմին ու այդ համատեքստում հայերի տեղին և դերին: ՀՑԹԻ գիտաշխատող Գուրգեն Մուրադյանն էլ իր բանախոսության մեջ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության դասավանդման ժամանակ կարևոր է միջառարկայական կապերի կիրառումը: Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը խոսեց Հայոց ցեղասպանության նախադրյալների և պատճառների մասին կարևորելով համատեքստի նշանակությունը պատմության ուսումնասիրության համար: Օրվա վերջին բանախոսը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանն էր, որի դասախոսությունը վերաբերում էր աղբյուրային նյութերի հետ աշխատելուն և դրանց միջոցով պատմություն առարկան դասավանդելուն:
Առաջին օրվա ավարտին մասնակիցները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:
Երկրորդ օրը ևս հագեցած էր հետաքրքրիր դասախոսություններով և քննարկումներով: ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը խոսեց «Ցեղասպանություն» եզրույթի ստեղծող իրավագետ Ռաֆայել Լեմկինի և այդ բառի ստեղծման մեջ Հայոց ցեղասպանության կարևորագույն դերի մասին: Հաջորդ բանախոս Թեհմինե Մարտոյանի ելույթն էլ նվիրված էր Օսմանյան կայսրությունում ապրող այլ քրիստոնյա ժողովուրդների՝ մասնավորապես հույների ցեղասպանությանը: ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն անդրադարձավ պատմության դասագրքերում «Նեմեսիս» գործողության ներկայացմանը՝ մատնանշելով առկա թերությունները: Այնուհետև Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ առարկայի դասավանդման իր փորձառնությամբ մյուս ուսուցիչների հետ կիսվեց Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհի, անցյալ տարվա ամառային դպրոցի մասնակից Մարգարիտ Կարապետյանը, ով դեռևս միակ ուսուցիչն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ ստեղծված և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայոց ցեղասխանության հիմնահարցեր» դասընթացն ընտրել և դասավանդում է Թալինի ավագ դպրոցում: Հաջորդ բանախոս պ.գ.դ. Հարություն Մարությանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարիներին Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման գործում դիմադրությունների դերի ու նշանակության մասին: ՀՑԹԻ գիտքարտուղար Նարինե Մարգարյանը խոսեց հուշագրությունների՝ որպես Հայոց ցեղասպանության ուսուցման սկզբնաղբյուրի կարևորության մասին: ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը մասնակից ուսուցիչներին Կալիֆոռնիայի Շոա հիմնադրամի IWitness կայքէջի օրինակով ցույց տվեց, թե ինչպես վերապրածների վկայությունների միջոցով ուսուցիչները կարող են ցեղասպանության թեման ներկայացնել աշակերտներին: Երկրորդ օրվա վերջին բանախոսը «Բացահայտիր ընտանիքիդ պատմությունը» նախագծի և «Արմատ և ծիլ» մրցույթի հեղինակ Անի Մանուկյանն էր, որն էլ խոսեց «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի մասին, նշելով որ այն հայրենի պատմությունն ուսումնասիրելու աշակերտներին հետաքրքիր միջոց է:
Ամառային դպրոցի երրորդ օրը մեկնարկեց ՀՑԹԻ գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի դասախոսությամբ՝ նվիրված Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988-1991 թթ․ էթնիկ զտումների քաղաքականության օրինաչափություններին և կերպափոխումներին: Հաջորդ բանախոս Շուշան Խաչատրյանը ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ ատելության մեջ կրոնի գործոնի և Հայոց ցեղասպանության ընթացքում բռնությունների և սպանությունների ծիսականացման մասին դասախոսություն: Հոգեբաններ Սոսե Ասատրյանը և Մարիաննա Գևորգյանը խոսեցին պատերազմական իրավիճակի և բռնի տեղահանումների հեգեհուզական ազդեցությունների մասին: Այնուհետև ՀԱՀ դասախոս Զոհրաբ Գևորգյանն ուսուցիչների հետ քննարկում ունեցավ ցեղասպանության պատմության դասավանդման էթիկական հարթության շուրջ: Վերջում «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հնարավորությունների մասին խոսեցին Աշխարհացույց ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը և ծրագրի մենթոր-ուսուցիչ Մարիամ Խաչատրյանը:
Ամառային դպրոցի երեք օրերի ընթացքում ուսուցիչներին տրվեցին գնահատման հարցաթերթիկներ, որի արդյունքները հաշվի կառնվեն՝ հետագա դասընթացներն առավել արդյունավետ դարձնելու համար:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ակտիվ մասնակցության համար և հույս հայտնեց, որ նրանք իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն ոչ միայն «Հայոց պատմություն» կամ «Հասարակագիտություն» առարկաների շրջանակներում, այլ նաև նախաձեռնողականություն կդրսևորեն՝ իրենց դպրոցներում դասավանդելու Հայոց ցեղասպանության հիմնահարցեր դասընթացը: Ապա ավելացրեց, որ այս ուղղությամբ ՀՑԹԻ հաջորդ քայլը կլինի այդ դասընթացի ձեռնարկի ստեղծումը: Ինեսա Ստեփանյանը ևս շնորհավորեց ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց ծրագրին դիմելու և մասնակցելու համար, ապա վստահություն հայտնեց, որ կապը ուսուցիչների և ՀՑԹԻ միջև շարունակական կլինի:
Դասընթացի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը հավաստագրեր և գրքեր հանձնեցին ուսուցիչներին:
Ամառային դպրոցի մասնակիցները երրորդ օրվա ավարտին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: