19.10.2023
Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Տիկին Ինգրիդա Շիմոնիտեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Այցի ավարտին տիկին Ինգրիդա Շիմոնիտեն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի: