02.11.2023
Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում: