16.05.2023
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, զոհեր, ականատեսներ և փրկողներ
Դպրոց՝ Կոտայքի մարզի, Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, 8-րդ դասարաններ
Մայիսի 16-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Կոտայքի մարզի, Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, զոհեր, ականատեսներ և փրկողներ» վերնագրով դասախոսությունը:
Սուրեն Մանուկյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ շեշտը դնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը իրականացնողների հիերարխիան ներկայացնելուն: Աշակերտների հետ քննարկումների միջոցով ցույց տրվեց հիմնական որոշում կայացնողների՝ Օսմանյան պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի, տեղական կազմակերպիչների՝ վալիների, մութասարիֆների, տեղական ոստիկանապետերի, ժանդարմերիայի ղեկավարության, կրոնական առաջնորդների և «շարքային» մարդասպանների միջև եղած կապերն ու փոխազդեցությունները: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև բանախոս Սուրեն Մանուկյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Կոտայքի մարզի, Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: