20.02.2014
Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն տարբերակը:
Գիրքը պարունակում է հարյուրավոր նամակներ, հեռագրեր ու զեկույցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի պաշտոնյաներն ուղարկել են իրենց երկրի արտգործնախարարությանը: Այս փաստաթղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանությունն իրագործելու երիտթուրքերի մտադրության և դրա մասին գերմանական պաշտոնյաների տեղյակ ու հանցակից լինելու վերաբերյալ:
Այդ փաստաթղթերի բացառիկ կարևորությունը կայանում է նրանում, որ միայն գերմանացի դիվանագետները և զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից:
Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք դիրք էին գրավում Առաջին համաշխարհային պատերազմում, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները`
Բաղդադի երկաթուղու ներկայացուցիչները և աշխատակիցները, Ցեղապանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները բարոյական և քաղաքական պատճառներով պարտավորված էին համարում իրենց` հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:
Գերմանացի լրագրող, պատմաբան և թարգմանիչ Վոլֆգանգ Գուստը, ով կազմել և խմբագրել է գիրքը, խոսելով գիրքը ստեղծելու մասին, պատմել է, թե ինչպես է ցնցվել` տեղեկանալով, որ Գերմաիան լուռ է մնացել Եվրոպայի ծայրում զանգվածային սպանությունների իրականացման ժամանակ: «Այս ցեղասպանությունը գերմանացիները ոչ ծրագրել են, ոչ էլ իրականացրել, սակայն այն թույլ է տրվել նրանց կողմից: Կայսերական Գերմանիան երիտթուրքերի ամենամոտ դաշնակիցն էր և նրանց հետ ուներ ռազմական պաշտոնական դաշինք: Հարցից հարց է առաջանում. Արդյո՞ք կայսերական Գերմանիան գործող ուժ էր հայերի Ցեղասպանության ժամանակ կամ, միգուցե, այդ մտքի հեղինա՞կն էր, ինչպես պնդում են գերմանացի շատ պատմաբաններ»,- նշում է Գուստը: