20.04.2019
Նյութը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է տրամադրել Սոնա Մաթևոսյանի թոռնուհի Նաիրա Ամատունին։ Հարցազրույցը պատրաստել է լրագրող Ռուբեն Գրիգորյանը 2000 թ․, երբ հայրենիք էր տեղափոխվում զորավար Անդրանիկի աճյունը։
Այսօր, ցավոք, Սոնա տատը չկա, բայց կա հիշողությունը, որը նրա ժառանգները վառ են պահում ու փոխանցում սերունդներին։
![](news-img/SonasStory01.jpg)
Պեր Լաշեզից Զորավարի վերջին տունդարձի և հայրենի հողում հավերժորեն հանգչելու արարողության գրեթե բոլոր օրաժամերին, քաղաքամայր Երևանի Նոր Նորքի իրենց տանը Անդրանիկի լուսանկարի առաջ ծնկաչոք աղոթում էր Սոնա Կոստանդյանը: Եվ դա սովորական աղոթք չէր:
- Պապս, հորեղբայրս անթաղ-անգերեզման մնացին: Նրանց գլխատված մարմինները ապրիլյան վարարած գետը քշեց-տարավ և այսօր էլ դեռ գնում են իմ հուշերում…
Սակայն Զորավարի վերաթաղումը Սոնա տատի համար անձնական մխիթարություն եղավ:
- Ասես պաշտելի պապիս, մորս ու հորեղբայներիս ազգովին թաղեցին Եռաբլուրում, - ասաց նա` մի տեսակ խաղաղված: Բայց, երբ սկսեց պատմել իր հայրական տոհմի մասին, այրող հուշերը կրկին հորձանք տվեցին նրա սրտում:
Ծնվել է Խարբերդի Չմշկածագ (Čmškacag) շրջանում, 1900 թվականին, մեծահարուստ Մաթևոսյանների ընտանիքում:
- Պապիս ասել են Կարապետ աղա, տատիս` Վարթեր խաթուն, - ութսունհինգամյա հուշերն է պեղում Սոնա տատը,-
եդեմական այգիներ ունեինք, կովեր, ոչխաների հոտեր, խանութներ, հյուրանոց կացարան ունեինք Հալեպում:
- Պապս հինգ տղա ուներ, երեք աղջիկ: Ավագ որդին հայրս էր: Մեր տոհմը մեծ էր, քառասուն ջան էինք …
Ու հանկարծ, հենց այս խոսքի վրա, փշրվում է եղեռն տեսած հայուհու հուշերի շղթան և ցիրուցանվում` որպես մարգարտյա ուլունքները անապատի ամենակուլ ավազի մեջ:
…Այն օրը քուրդ չոբանները նոր էին իրենց ոչխարի հոտը քշել դեպի սար, երբ հանկարծ գյուղը շրջապատվեց ասկյարներով: Ինչքան տղամարդ կար հավաքեցին գյուղամեջ, այդ թվում և Կարապետ աղային ու նրա չորս տղաներին (ավագ որդին հրաշքով կարողացել էր նախօրոք հեռանալ) և քշեցին դեպի մոտակա վարարած գետը: Այս ամենը ղեկավարում էր ծանոթ թուրք յուզբաշին, որին հազար անգամ հյուրասիրել էր պապը, և տանեցիք հույս ունեին, որ նա կերած աղուհացը չի մոռացել: Սակայն յուզբաշու հրամանով առաջինը կտրեցին հենց Կարապետ աղայի ու նրա չորս տղաների գլուխները և նետեցին գետը: Թուրքը լավ էր հիշում, որ այդ ամենահարուստ հայը նվերներով բազմիցս փրկել էր գյուղը թալանից ու սպանություններից: Իզուր չեն ասում, որ օձը խայթում է հենց իրեն տաքացնողին: Բոլորին մորթոտեցին, մարմինները թափեցին ջուրը: Գյուղում տղամարդ չմնաց: Կանանց, աղջիկներին, ծերերին ու մանուկներին լցրին գյուղի մեծ եկեղեցին, որ վառեն: Դրանից առաջ թուրք ասկյարները ընտրել էին` մի կողմ էին տարել սիրուն կանանց ու աղջիկներին: Սոնա տատն այսօրվա պես հիշում է, որ իր մայրը վերջին պահին տան բանալին պահ էր տվել քուրդ ծառա Հասանին, համոզված, որ երբևէ վերադառնալու է ծննդավայր իրենց դառն ու անուշ Հայրենիքը: Այդ քուրդին Կարապետ աղան էր ամուսնացրել, տուն տեղ տվել նրան, որ ապրի:
Այսօր էլ, 85 տարի անց, անմեղ զոհերի լացն ու կականը սղոցում են հայուհու վիրավոր հիշողությունը: Գարուն էր, ապրիլ, իսկ ինքը տասնհինգ տարեկան աղջնակ: Մեծ գերդաստանը ցրվեց, փոշիացավ: Թե ինչ եղան մյուս հարազատները, պաշտելի հորաքույր Արաքսին, Պեքրուհին, Մաքրուհին` այդպես էլ չիմացավ:
Գյուղի եկեղեցում հավաքածներին չվառեցին: Տատս շատ հարգված կիներ ասաց. «Ձեր աստվածը թե կսիրեք` մեզ մի՛ վառեք, մեկ է էս տանջանքների մեջ սաղ չենք մնա, թողեք ճանապարհին մեկ է սպանելու են: Մեր քուրդ ծառային մենք փող տվեցինք նա տարավ ոստիկաններին տվեց: Ոնց եղավ, որ այնտեղ փրկվեցինք, տենց էլ չիմացանք»: Անշուշտ, հատուկ հրամանով նրանց խառնեցին շրջակա հայկական գյուղերից տեղահանվածների հետ և քշեցին դեպի անհայտություն: Սոնան այդ քարավանի մեջ էր, մոր՝ Մարթայի և երկու կրտսեր եղբայրների հետ: Շաբաթներ տևած դժոխային ճանապարհին անասնահոտի պես քշվող քարավանը բոլորովին նոսրացավ, հայերը կոտորվեցին տապից, սովից, հիվանդություններից ու թուրքերի վայրագություններից: Դիակները մնում էին անթաղ: Մեկ-մեկ հանդիպող արաբների վերաբերմունքը բարյացակամ էր հայերի նկատմամբ: Սոնա տատը այժմ էլ զարմանում է, թե հոգու ինչպիսի կորով ուներ մայրը, որ կարողացավ դիմանալ այն ամենին և երեք որբուկների հետ հասնել Երզնկա:
Սոնա Մաթևոսյանի հոր՝
ԱՄՆ-ից ուղարկած նամակը.
պահվում է
որպես հուշ-մասունք
Տարան մոտակա երկաթուղային կայարան: Այնտեղ կանգնած էր երեք վագոնից բաղկացած ռուսական մի «կուկուշկա»: Մի կերպ լցվեցին մեջը, տեղավորվեցին նաև վագոնի կտուրներին: Թե ինչ ուղղությամբ էին շարժվելու, ուր էին տանելու ոչ ոք չգիտեր: Այդ միջոցին մի ճիչ լսվեց, որ թուրքական նոր զորախումբ է մոտենում: Եվ այդ պահին անսպասելի շոգեքարշը անջատվեց երեխաներով, կանանցով ու ծերունիներով լցված վագոններից և սուլուցով հեռացավ:
- Հասկացանք, որ դա արդեն մեր վերջն է, մայրս դողացող ձեռքերով երեքիս սեղմեց իր չորացած կրծքին: Հիմա էլ ականջներիս մեջ են վերջին հույսն էլ կորցրած մորս սրտի աղաղակող զարկերը: Եղբայրներս, մատաղացու գառների պես, վախից սսկվել էին: Ու հենց այդ ժամանակ, որպես փրկության աստված, չիմացանք որտեղից, հայտնվեց Զորավար Անդրանիկն իր հեծելազորով,- վերհիշում է Սոնա տատը:
Սոնա Մաթևոսյանի հոր՝
ԱՄՆ-ից ուղարկած նամակի ծրարը
Ապրելու մեռնող հույսը կրկին արթնացավ:
Բոլորին իջեցրին վագոններից: Ձիավորների մի մասն առաջ անցավ, մյուս կեսը քարավանի թիկունքը: Անցան բազմաթիվ դատարկված գյուղերով:
Ամենաուժասպառներին, մահվան դուռը հասածներին, այդ թվում Սոնայի երկու փոքր եղբայրներին Զորավարի կարգադրությամբ դրել էին ուղտերի վրա: Հասան Գյումրի, բայց թուրքական զորքերի մոտեցման լուրեր էին պտտվում, այնտեղից փախան նախ Լոռի, իսկ հետո… Շուշի: Սակայն Ղարաբաղում նույնպես հայի-թուրքի կռիվ էր: Շուշիում գաղթական խարբերդցիներ ու համագյուղացիներ կային: Մայրը ճարահատյալ Սոնային դրեց նրանց հետ ու թե գնա, գոնե դու փրկվիր մեր տոհմից, իսկ եթե կենդանի մնամ եղբարներիդ` Մարտիրոսի ու Արամի հետ կգտնեմ քեզ: Մի կերպ հասան Լոռի: Այնտեղ, ամիսներ անց, Սոնան իմացավ դառն իրողությունը:
- Մայրս հայտնվեց Թիֆլիսում և այնտեղ էլ մեռավ տիֆից, անգամ չիմացանք որտեղ թաղվեց, մնացինք որբ և անտեր: Չկարողացա գոնե վերջին պահին մի բաժակ ջուր տալ մորս,- հառաչեց Սոնա տատը և մեր ամբողջ զրույցի ընթացքում առաջին անգամ թաշկինակը տարավ աչքերին: Մեկ դար ապրած այդ կինը կարոտի արցունքներ ունի տառապանքի ծովերով անցած մոր համար:
Քույրն ու եղբայրները իրար կորցրին:
Փոքրը հայտնվեց Գյումրիի ամերիկյան որբանոցում, որտեղից փախավ Երևան, ջուր էր ծախում փողոցներում, իսկ նրանցից մեծը Ջալալօղլիում էր: Բայց ճակատագիրը այս անգամ բարեհաճ գտնվեց և արտաքինից շատ փոխված եղբայրները 10 տարի անց պատահաբար հանդիպեցին Երևանի էժանագին ճաշարաններից մեկում:
Փոքրը` Արամը ճանաչեց մեծ եղբորը` Մաթևոսին:
- Մոտենում է, հարցնում. «Դու կորած ախպեր ունե՞ս»: Նա ասում է. «Հա՛»: Վերջը մորս ու իմ անունն է տալիս` իրար գրկում, համբուրում են: Պարզվեց, որ փոքր եղբայրը լավ չէր հիշում իր ազգանունը և որբանոցում Մարտիրոսյան էր գրվել Մաթևոսյանի փոխարեն: Քանի որ ավագ եղբայրը գիտեր, որ Սոնան արդեն ամուսնացել էր և ապրում էր Լոռիում, Ալավերդիում եղբայրները գալիսեն Սոնայի մոտ:
- Սկիզբում ես չճանաչեցի, ասի` « Փորի վրա խալ ու՞ներ»: Տեսա խալը` փաթաթվեցի: Հետո նրան էլ ամուսնացրինք: Ունեցավ երկու երեխա` Ալբերտ, Էմմա, իսկ մեծ եղբայրս` Մաթևոսը Աղունի հետ ամուսնացավ, ունեցավ` երեք երեխա Ռաֆայել, Ռոզա, Ռազմիկ:
Սոնա Մաթևոսյանի հայրը, ԱՄՆ
Աստանդական կյանքի մրուրը մինչև վերջ ճաշակած քույրն ու եղբայրներն ամուր, համերաշխ ընտանիքներ ստեղծեցին և, ինչպես Սոնա տատն է ասում մարդ դարձան, կրկին զգացին երջանկության մոռացված համը: Եվ ամենազարմանալին այն է, որ ճակատագրի դառնություններից նրանք չչարացան, որովհետև իրենց երակներում հոսում է Կարապետ աղայի և Վարթեր խաթունի ազնիվ արյունը, գաղթի դժոխային ճամփեքին անգամ հոգու կորովը չկորցրած մոր արյունն է հոսում իրենց երակներում: Իսկ հայոց դանթեականից փրկված հայրը` Ռաֆայելը, իր մասին կարողացավ լուր հաղորդել տասնամյակներ անց, հեռավոր Ամերիկայից: Երկար տարիներ փնտրելուց հետո իր զավակներին Ծիրանիին (Սոնաին այդպես էին անվանում հարազատները նա գեղեցիկ էր՝ ոսկեզօծ մազերով, կապուտաչյա, սպիտակ մաշկով), եղբայրներին Մաթևոսին և Արամին: Հայրը բոլշևիկյան սարսափից չհամարձակվեց Հայաստան գալ, մի երկու գաղտնի նամակ ուղարկեց և մի լուսանկար: Ամուսնացել և ապրում էր Նյու Յորքի Ալբանի արվարձանում: Այնպես որ՝ որբերը իրենց հոր կարոտն առան միայն նրա լուսանկարից, և այսօր էլ պահում են այն:
Հետո 1937 թվական եղավ: Շատ շատերի պես մեծ եղբայրն աքսորվեց ու երբ տարիներ հետո վերադարձավ, անճանաչելի էր դարձել: Կրտսերը երկրորդ համաշխարհայինի մասնակից է, հաշմանդամ: Իսկ ամուսնու` Առաջին համաշխարհայինի մասնակից ու հաշմանդամ, ամբողջ Լոռիում բարի անուն թողած Նիկոլայ Կոստանդյանի մասին երախտագիտությամբ ու երանությամբ է խոսք բացում.
- Իրարով բախտավոր էինք, երեխաներով բախտավոր: Ես նրա շնորհիվ ճաշակեցի մարդկային երջանկությունը:
Նրա ամենամեծ հարստությունն իր երեխաներն են՝ Մարտունը, Ռաֆաելը Ժորան աղջիկը Մարիետան: Սոնա Մաթևոսյան/Կոստանդյանի չորս երեխաների, քսան թոռների ու ծոռների շարքում կան արվեստագետներ, գիտնականներ, բարձրաստիճան զինվորականներ… Մեծ մայրը բոլորի պաշտամունքն է, իսկ երեխաներից յուրաքանչյուրն իր սրտում հատուկ տեղ ունի: Սակայն այս բախտավոր-տառապյալ սրտի գահին Մարիետան է դուստրը, իր մոր կարոտը նրանից է առնում:
- Բալեքս… ամեն մինն իմ չափ ապրի: Բայց կորած հարզատներիս տեղը սրտումս թափուր մնաց, բոլորի ձայները հիշում եմ…
Նրա սիրտը լիքն է հուշերով, անցյալով, ներկայով, կորուստներով, ունեցածով: Ո՞րն է ավելի թանկ` դժվարանում է ասել: Արցախն էլ իր սրտում տեղ ունի:
- Տասնհինգ թվի զուլումն ուրիշ էր: Մեր ժողովուրդն անզեն էր, պետություն չունեինք, - ասես ինքն իր հետ զրուցում է Սոնա տատը:
- Հիմա պետություն ունենք, բանակ ունենք: Ղարաբաղցիները քաջ են, որովհետև լեռնցիներ են` սասունցիների, զեյթունցիների պես: Մեր ողջ ժողովորդն է քաջ, մենք Տիգրան Մեծի զարմից ենք: Արցախի այս վերջին կռվում թուրքը լավ զգաց դա:
Հայոց գեհենից պրծած հայուհին այդքանից հետո իրեն բախտավոր է համարում: Ի հեճուկս բոլոր մահերի:
«Հայը քար է,- ասում է նա,- քարից էլ պինդ է: Ես էլ քար եմ, որ այդքանին դիմացել եմ: Այս աշխարհում մենք մեր անունը հայ ենք պահել»: Սոնա տատն՝ այդ մեծամայրը, իրոք Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածների վերջին մոհիկաններից է, որի պահանջատիրությունը փոխանցվել է իր ժառանգներին, թոռ ու ծոռներին: Նա հայ է` արյան բոլոր բջիջներով, իր հույս ու հավատով, կորստյան տառապանքով ու վերագտած երջանկությամբ:
Նա հայ է` արյան բոլոր բջիջներով, իր հույս ու հավատով, կորստյան տառապանքով ու վերագտած երջանկությամբ: Հայի անվերծանելի ֆենոմեն: Անշուշտ, կորուսյալ հայրենիքն իր հավերժակարոտ սրտի սարերում է, բարձր ու անարատ, ինչպես Արարատի սուրբ ձյունը յուրաքանչյուր հայի համար: Սակայն անմեկնելին-անքննելին այն է, որ նրա չծերացող, կնճիռներ չունեցող սրտի գահին շքեղորեն բազմած է նաև իր ու երկու եղբայրների պես տասնյակ հազարավոր որբերի համար տեր ու տեղ դարձած Արևելյան Հայաստանը: Հակադրելու ոչ մի նշույլ, ոչ մի ակնարկ: Երկուսն էլ սուրբ են նրա համար: Մի սրտում` երկու Հայրենիք:
Հրապարակված նյութերի համար կայքէջը պատասխանատվություն չի կրում: Իրենց ընտանիքների պատմությունը պատմում, շարադրում կամ եղած նյութը փոխանցում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: