20.05.2017
Մայիսի 20–ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց «Ավրորա» մրցանակի առաջին հաղթող, մերօրյա մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն: Նա ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Բարանկիցեին պատմեց հուշահամալիրի պատմությունը, ցույց տվեց Հուշապատը, որի մի կողմում փորագրված են Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքների անունները, իսկ վերջնամասում ամփոփված են օտարազգի այն գործիչների և մտավորականների գերեզմաններից բերված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:
Հիշողության պուրակում Մարգարիտ Բարանկիցեն արծաթափայլ եղևնի տնկեց՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների:
Այնուհետև, տիկին Բարանկիցեն եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում, շրջեց սրահներում, ծանոթացավ շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունների պատճառներին և հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներին, ողբերգական դրվագներին և մարդկային պատմություններին:
Մարգարիտ Բարանկիցեն եղավ նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ այսօր բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցադրությունը: «Ավրորա» մրցանակը ստեղծելիս ցեղասպանության աղետները վերապրած այս հայուհու կյանքն ու կերպարն է դարձել ոգեշնչման աղբյուր:
Հրաժեշտից առաջ Մարգարիտ Բարանկիցեն գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում
«Հպարտ հայ ժողովրդին`
Սրտանց շնորհակալություն ձեր անհավանական քաջության համար: Այ´ո, սերը միշտ հաղթում է»,- ասվում է գրառման մեջ:
ՀՑԹԻ տնօրենը տիկին Բարանկիցեին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: