Սույն թվականի հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նատալի Լուազոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է.
«Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ֆրանսիան և Եվրոպական խորհրդարանն են դա արել»:
Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց ԵԽ ֆրանսիացի պատգամավորին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար ու նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: