20.09.2016
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ և զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Բացառիկ նմուշներ են Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:
Ցուցանմուշների մեծ մասը, որոնք ներկայացնում են հայաստանյան ու սփյուռքյան մի շարք թանգարանների հավաքածուները, ցուցադրվում են առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ այս պատկերագրության նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:
«Սա մեր ազգային նկարագիրն է, մեր ազգային ազատագրական պայքարի, իղձերի, հույզերի և ամենակարևորը՝ պետականության սպասումի ամբողջացումն է և խտացումը: Այս իրերը յուրօրինակ կրիչներն են պետական խորհրդանշանների, որ մեր նախապապերը սերունդներ առաջ նկարել են, թաքցրել են, դրոշմել են ու դրվագել տարբեր կրիչների վրա՝ մետաղ, փայտ, թուղթ և այլն», - բացման խոսքում նշեց ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
ՀՑԹԻ տնօրենը հատկապես շեշտեց՝ այդ պետականության մեծագույն զոհողությունն էլ Հայոց ցեղասպանությունն էր, որովհետև զոհվածների մեծ նույնպես ուներ ազատ, անկախ Հայաստանում ապրելու իղձը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության որբերը, այրիները, վերապրածները շարունակաբար նկարում էին, գործում էին, դրվագում էին հայկական դրոշների ու զինանշանների տարաբնույթ պատկերներ:
ՀՑԹԻ տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց այն բոլոր գործընկերներին, որոնց աջակցության շնորհիվ կայացավ համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր թանգարանների միջև և բացվեց մոտ 200 ցուցանմուշ ունեցող ցուցադրությունը:
Ցուցադրության գլխավոր գործընկերը Վիվասել-ՄՏՍ-ն է:
Նախագծը վաղեմի գործընկերը բարերար Գաբրիել Ջեմբերջյանն է, ում աջակցությամբ դեռևս 2012 թվականին տպագրվել է ցուցադրության յուրօրինակ կատալոգ հանդիսացող «Հայկական ազգային խորհրդանշաններ» ուսումնասիրությունը: