Հակտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց. «Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր» (1): Այն միտքը, որ հայ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, կրկնվում է նրա շատ այլ հարցազրույցներում, ինչպես նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններում:
Ցեղասպանություն եզրույթի կիրառումը պատահական չէ: Իրականում Փաշինյանի նշված ցեղասպանական վտանգը ոչ միայն հնարավոր է, այլև շատ բարձր հավանականություն ունի: Ըստ ցեղասպանության կանխարգելման հնարավորությունները ուսումնասիրող գիտնականներ Բարբարա Հարֆի եւ Թեդ Գուրի հայտնի տեսության, որն այսօր հաճախ կիրառվում է ցեղասպանությունները կանխատեսման եւ կանխարգելման մոդելներում՝ նախկինում ցեղասպաության եւ զանգվածային կոտորած իրականացրած հասարակությունները հակված են այն կրկնելու (2): Թուրքիան 1915-23 թ. իրականացրել է Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի ցեղասպանությունը, իսկ 1988-1992 թթ. ցեղասպանական գործողություններ իրականացվել են Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Մարաղայում: Նման պետություններում ցեղասպանության իրականացման հավանականությունը բարձրանում է, եթե իրականացված ոճիրները ոչ միայն չեն ընդունվել, դատապարտվել եւ մեղանչվել, այլև, ավելին՝ նրանք փառաբանվում են:
Թուրքիան եւ հանցագործի հպարտությունը
Թուրքիան շարունակաբար ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ վերջին տարիներին ավելի ագրեսիվ դարձնելով այդ սույն թեմայի վերաբերյալ իր հռետորաբանությունը, նույնիսկ մեղադրում է զոհին՝ հայերին «Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորելու» մեջ (3): Միաժամանակ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Էրդողանը բազմիցս ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է հնարավորության դեպքում նորից իրականացնել հայերին «դաս տալու» ծրագիրը: Այսպես, իր ելույթներից մեկում Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր, որ կայացվել էր այն ժամանակ (4), իսկ իր 2020 թ․վերջին ելույթներից մեկի ժամանակ մայիսին նա նշեց․«Մենք թույլ չենք տա, որ այդ սրից փրկվածներն ու ահաբեկիչները նորից ապստամբեն։ Նրանք մինչև հիմա դեռ կան, չնայած մեր երկրում նրանց թիվը բավական քչացել է» (5)։ «Սրի ավելցուկ» կամ «սրից փրկվածներ» արտահայտության ներքո Թուրքիայում նկատի են ունենում Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին: Ըստ թուրք լրագրող Ուզայ Բյուլութի՝ «սրի ավելցուկներ» արտահայտության կիրառումը կոտորածների կամ ցեղասպանության ժխտում չէ: Ընդհակառակը՝ դա ոճրագործների հպարտության արտահայտությունն է: Դա նշանակում է. «Այո՛, մենք մորթեցինք քրիստոնյաներին, քանի որ նրանք դրան արժանի էին» (6):
Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը, այլև նոր ցեղասպանությունների խրախուսում եւ հնարավորություն են ստեղծում: Այս ներիշխանական տրամադրությունները չեն կարող չտարածվել նաեւ հասարակության վրա՝ ուժգնացնելով հայերի՝ որպես թշնամու կերպարը: Հանրային կարծիքի գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակչության մեծամասնությունը հայերի նկատմամբ թշնամական ընկալում ունի: Վերջին ցայտուն դեպքերից էր կորոնավիրուսային համավարակի ժամանակ հայերի՝ իբրեւ այդ վարակի տարածման պատասխանատուների թիրախավորելը Ստամբուլում (7):
Պետք է ավելացնել, որ այս վերաբերմունքը անցնում է նույնիսկ թշնամականի սահմանը, երբ հայ կոչվելը համարվում է ծայրահեղագույն վիրավորանք՝ հասնելով ռասիստական անհանդուրժողականության աստիճանի: Բոլորի համար հիշարժան է այն դեպքը, երբ 2014թ. այդ ժամանակ վարչապետ Էրդողանը, խոսելով իրեն «վիրավորելու» մասին, նշեց հեռուստահարցազրույցում. «Ինձ վրացի են անվանել: Ներեցեք դա ասելու համար, բայց նրանք նույնիսկ ավելի կեղտոտ բաներ են ասել: Նրանք ինձ նույնիսկ հայ են անվանել» (8):
Ադրբեջանը եւ հակահայկական քարոզչությունը
Ավելի բնորոշ է ադրբեջանական ղեկավարության եւ հասարակության վերաբերմունքը: Տարիներ շարունակ հակահայկական հռետորաբանությունը, հայատյաց քարոզչությունը պետական քաղաքականության բաղադրիչ մասեր են այս երկրում (9): Դպրոցներից մինչեւ պետական լրատվամիջոցներ տարվում է ամենօրյա քարոզչություն, որը դիվայնացնում է հայերին՝ նրանց ներկայացնելով իբրեւ բացարձակ չարիք: Անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր բազմաթիվ ելույթներում թույլ է տվել բացահայտ ռասիստական, քսենոֆոբիական արտահայտություններ: Հայտնի ելույթներից մեկում նա, օրինակ, խոսեց. «Համաշխարային հայության եւ նրա ազդեցության տակ գտնվող երեսպաշտ, կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ խրված քաղաքական գործիչների մասին (10), ինչը անմիջականորեն կրկնությունն է Նացիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերի «համաշխարհային հրեության դավադրության թեզի», որը բազմիցս կրկնվել է իր ճառերում՝ որպես հրեաների հիմնավորում (11):
Իր հայտարարություններում նա զրկում է հայերին ապրելու իրավունքից ոչ միայն Արցախում (Լեռնային Ղարաբաղում), այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի այլ շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանն Ադրբեջանի մաս պետք է դառնան: Իսկ վերջին ամենավառ դրսեւրումը միջուկային «աղետ» առաջացնելու սպառնալիքն է, որ արեց Ադրբեջանի Պաշտպանության խոսնակ Վագիֆ Դարգյախլին, ով հայտարարեց, որ նրանց զենքերը կարող են բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի Ատոմակայանին, ինչը կարող է աղետ դառնալ Հայաստանի համար» (12):
Խնդիրը միայն այս հակահայկական հռետորաբանությունը չէ, այլ այն հետեւանքները, որին կարող են դրանք հանգեցնել: Նման հայատյացությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ հային սպանելը դառնում է հերոսություն, ինչպես դա պատահեց ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի հետ, ով 2004 թ. փետրվարին կացնահարեց քնած հայ սպա Մարգարյանին Հունգարիայում, որտեղ դատապարտվեց ցմահ ազատազրկման, հետագայում տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ ազատ արձակվեց եւ հերոսացվեց (13): Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, որ «Ռ.Սաֆարովը պետք է դառնա ադրբեջանական երիտասարդության համար հայրենասիրության օրինակ» (14): 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զորքերի գրաված Թալիշ գյուղում տանջամահ արվեցին տարեց հայ բնակիչները, իսկ գերի ընկած զինվորները գլխատվում էին, իսկ նրանց մարմինները՝ անարգվում (15): Եվ նախորդ եւ ընթացող պատերազմում Ադրբեջանը մշտապես թիրախավորել է խաղաղ բնակավայրերը (16):
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ հայկական որեւէ տարածքի գրավման դեպքում, այն անխուսափելիորեն դառնալու է այնտեղ ապրող հայերի լիակատար սպանդանոցի:
Ցեղասպանության կոնվենցիան եւ անխուսափելի պատիժը
Գոյություն ունի մի վտանգավոր մտայնություն, որին մարդկությունը բախվում է անընդհատ: Ցեղասպանությունները դառնում են լուսաբանման, քննարկման, ուսումնասիրման, հիշատակման եւ երբեմն դատապարտման առարկա միայն դրանց հաջող իրականացումից հետո: Այդպես էր ոչ միայն Հայոց ցեղասպանության կամ Հոլոքոստի դեպքում, այլ նաեւ այն ժամանակ, երբ մարդկանց ոչնչացումը տեղի էր ունենում, կարելի է ասել, ուղիղ եթերում, բոլորի աչքերի առաջ 20-րդ դարավերջին կամ 21-ի սկզբին՝ Ռուանդայում, Հարավսլավիայում, Դարֆուրում, Իրաքի եզդիաբնակ շրջաններում:
Սակայն երեւի ժամանակն է հիշեցնել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Ցեղասպանության իրականացումն ինքնին մեկ, բայց ոչ միակն է այն հանցագործություններից, որոնց համար կոնվենցիան պատիժ է սահմանում:
Նրանցից են՝
- Ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,
- Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,
- Ցեղասպանություն կատարելու փորձը,
- Հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ (17)։
Այս բոլոր գործողություններն անտեսվում են, թեեւ Ցեղասպանության կոնվենցիայի մաս են կազմում: Ընդ որում՝ անտեսվում են ոչ միայն լրատվական դաշտում, այլև նույնիսկ ակադեմիական՝ ցեղասպանագիտական ուսումնասիրությունների մեջ: Մինչդեռ,
«Այլեւս երբեք» կարգախոսը, որը միջազգային հանրությունը որդեգրել է եւ այնքան հաճախ է կրկնում, որ այն գրեթե արժեզրկել է, վերաբերվում է ցեղասպանության հանցագործության բոլոր տեսակներին եւ ոչ թե միայն վերջին եւ, շատ դեպքերում, անշրջելի փուլին՝ թիրախ խմբի ոչնչացմանը:
Լսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հռետորաբանությանը, վերլուծելով այդ երկրների հասարակություններում եւ վերնախավում տիրող տրամադրությունները, ինչպես նաեւ եւս մեկ անգամ հիշելով իրականացված գործողությունները՝ պարզ է դառնում, որ դրանք կարելի է դիտարկել ոչ միայն իբրեւ ցեղասպանության նախազգուշական նշաններ, բայց նաեւ արդեն իբրեւ Ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, Ցեղասպանություն կատարելու փորձը, որոնք, ըստ Կոնվենցիայի, արարքներ են, որ աշխարհի բոլոր պետությունները պարտավոր են կանխել եւ պատժել:
Եթե ե՛ւ երբ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի ղեկավարները կանգնեն միջազգային տրիբունալի առաջ, այն չպետք է մոռանա ներառել այս դրույթներն իր մեղադրական եզրակացությունում՝ պատերազմական հանցագործությունների եւ մարդկայնության դեմ հանցագործություններով հանդերձ:
---------------------------------
1. https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/10/03/Nikol-Pashinyan-message/
2. Harff, B., & Gurr, T. (1998). Systematic Early Warning of Humanitarian Emergencies. Journal of Peace Research, 35(5), 551-579, Volume: 35 issue: 5, page(s): 551-579; Harff, B. (2003). No Lessons Learned from the Holocaust? Assessing Risks of Genocide and Political Mass Murder since 1955. American Political Science Review, 97(1), 57-73; Harff, B., & Gurr, T. (1998). Systematic Early Warning of Humanitarian Emergencies. Journal of Peace Research, 35(5), 551-579; https://earlywarningproject.ushmm.org/
3. https://www.bloomberg.com/news/articles/2019-04-24/erdogan-says-deporting-armenians-was-appropriate-at-the-time
4. https://armeniasputnik.am/society/20200512/23020691/Ayd-sric-prkvacnery-der-kan-Erdoxany-noric-grehik-e-osel-huyneri-yev-hayeri-hascein.html
5. https://armeniasputnik.am/society/20200512/23020691/Ayd-sric-prkvacnery-der-kan-Erdoxany-noric-grehik-e-osel-huyneri-yev-hayeri-hascein.html
6. https://www.genocidewatch.com/post/2020/05/11/turkey-erdogan-uses-leftovers-of-the-sword-anti-christian-hate-speech
7. https://www.ermenihaber.am/am/news/2020/05/12/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/183210
8. https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2014/08/06/is-armenian-an-insult-turkeys-prime-minister-seems-to-think-so/?arc404=true
9. https://www.evnreport.com/opinion/understanding-the-aliyev-regime-s-armenophobia
10. https://regnum.ru/news/polit/1504750.html
11. Դրա վերաբերյալ ամենահայտնի ելույթներն են 1939 թ. սեպտեմբերի 1-ի եւ 1942 թ. հունվարի 30-ի ելույթները, որոնք մի շարք Հոլոքոստի մասնագետներ համարում են Հոլոքոստի՝ եվրոպական հրեության բնաջնջման մտադրության հիմնական ապացույցներից մեկը:
12. https://www.forbes.com/sites/davidhambling/2020/07/17/threat-of-chernobyl-style-catastrophe-in-caucasus-drone-war
13. https://www.bbc.com/news/world-europe-19499151
14. Газета «Зеркало», 28.02.2004 г.
15. http://www.ezidipress.com/en/karabakh-conflict-azerbaijani-soldiers-behead-ezidi-soldier-from-armenia/
16. https://www.evnreport.com/spotlight-karabakh/war-crimes-in-spring
17. http://un.am/up/file/ConventionAboutGenocide_Arm.pdf
Source: www.evnreport.com
Սուրեն Մանուկյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի
Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ