22.02.2018
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունը ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Լիբանանի նախագահին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Լիբանանից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Միշել Աունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար:
Իմ խորին հարգանքը վեհանձն հայ ժողովրդին, որը, չնայած ցավին ու տառապանքներին, կարողացավ հպարտության արժանի հայրենիք կառուցել և համալրել հինավուրց քաղաքակրթության ժառանգությունը ավելի լավ ապագա կերտելու ճանապարհին»,- գրել է Լիբանանի նախագահը:
ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։
Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Լիբանանի նախագահը տնկեց անվանական եղևնի:
Հիշեցնենք, որ 2001 թ. մայիսին Լիբանանի այն ժամանակվա Նախագահ Էմիլ Լահուդը, ապա 2011թ. դեկտեմբերի 9-ին Նախագահ Միշել Սուլեյմանը նույնպես այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Տեղեկացնենք նաև, որ 1997թ.-ի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային ժողովը բանաձև ընդունեց, որով ճանաչեց ապրիլի 24-ը որպես Հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակի օր, իսկ 2000թ. մայիսի 11-ին ին Լիբանանի Ազգային ժողովը ճանաչեց և դատապարտեց հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: