21.02.2019
Փետրվարի 19-20-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հայաստան էին ժամանել ՀԿՀ Շոայի հիմնադրամի ծրագրերի ու գործողությունների տնօրեն տիկին Քորի Սթրիթը, կրթության և տեղեկատվության փորձագետ Սեդա Անթեքելյանը, հայկական հավաքածուների մշակման ծրագրի փորձագետ Մանուկ Ավեդիքյանը:
Երկու օր տևած աշխատանքային հանդիպումներին ներկայացվեցին երկու կառույցների արխիվային հավաքածուների՝ մասնավորապես վերապրողների ձայնագրությունների թվայնացման ու դրանք համապատասխան թվային բարձրակարգ շտեմարանում տեղադրելու հեռանկարները: ԱՄՆ-ից ժամանած գործընկերները ՀՑԹԻ հիմնադրամի աշխատակիցների հետ կիսվեցին իրենց արդեն ձեռք բերված զգալի փորձով, ժամանակակից տեխնոլոգիաների, տեսանյութերի, ինչպես նաև գործնական աշխատանքի միջոցով ներկայացրեցին ծավալուն աշխատանքի նրբությունները, ժամանակակից թվային գործիքները: Տեղի ունեցավ նաև ինտերակտիվ տեսաֆիլմերի, իրենց կրթական ծրագրերի շրջանակում հատուկ մանկահասակների համար պատրաստված 3D մուլտերի շնորհանդես:
Հանդիպման սկզբում երկու կառույցների ներկայացուցիչները տվեցին իրենց հաստատությունների առաքելության, գործունեության հիմնական տեսլականները:
ՀՑԹԻ հիմնադրամի գիտական գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության առանցքային ուղղությունները՝ ծրագրեր, ռազմավարություն, ասպիրացիա: Տիկին Գզոյանն իր խոսքում ընդգծեց նաև առաջիկա տարիների համար ծրագրավորած անելիքները:
Ելույթ ունեցավ նաև Շոայի հիմնադրամի ծրագրերի ու գործողությունների տնօրեն տիկին Քորի Սթրիթը. Շոայի հիմնադրամը հավաքագրում և մշակում է Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի, Ռուանդայի և այլ ցեղասպանությունները վերապրածների ու ականատեսների վկայությունները: Մանրամասն ներկայացրեց Շոայի հիմնադրամի «IWitness» կրթական ծրագիրը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի գործընկերներն իրենց այցելության ընթացքում եղան և´ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, և´ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական ցուցադրությանը:
Հանդիպում-քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին համագործակցության որոշակի պայմանավորվածություններ, որոնք մոտ ապագայում կամրագրվեն համապատասխան հուշագրով: