21.04.2011
2011թ. ապրիլի 20-21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան պատմաբան-հետազոտողներ` Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից: Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ` գրավելով նաև համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը: Բացառություն չկազմեցին նաև սկանդինավյան երկրները: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: Սկանդինավյան միսիոներների ջանքերը, հիմնականում, ուղղված էին Օսմանյան կայսրության տարածքում կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելուն և նրանց շրջանում կրոնական քարոզչություն իրականացնելուն, որոնք, մեծամասամբ, իրականացվում էին դանիական, նորվեգական և շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A.) կազմակերպության միջոցով: 20-րդ դարի սկզբներին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը` անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր:
Մեծ Եղեռնի հետևանքների վերացմանն ուղղված նախաձեռնությունների շարքում մեծ էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական և դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի ջանքերը: Ֆ. Նանսենը հանդիսանալով Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց ցեղասպանությունից հետո անօթևան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու և քաղաքացիություն տալու գործում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից միջազգային այս գիտաժողովի անցկացումը նպատակ ունի վերականգնելու Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության այս կարևոր, սակայն մոռացված ու անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության ու հիշողության համատեքստում: