21.04.2014
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունում ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:
Ցուցադրությունը ներառում է տարբեր խորագրեր` «Պատերազմ և ջիհադ», «Միապետներ և քարոզչություն», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը և քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը պատերազմի քարոզչական բացիկներում և ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. պատերազմ և մարդասիրական օգնություն» և այլն:
«Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինը, մտավորականներ, պատմաբաններ, լրագրողներ և այլն: