21.05.2017
Այսօր 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բժիշկ Քաթինան ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Այնուհետև, Թոմ Քաթինան շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, որտեղ ծանոթացավ Մեծ Եղեռնի պատմական դրվագներին և շրջափուլերին:
Բժիշկ Քաթինան եղավ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցահանդեսը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մերօրյա մարդասեր սուդանցի բժշկին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած և իր հետագա կյանքը այդ ողբերգության ցավալի հետևանքները ամոքելուն նվիրած խիզախ հայուհու կյանքը:
Թոմ Քաթինան գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
Գրառման մեջ ասվում է. «Խորապես զգացմունքային շրջայց էր: Եկեք բոլորս աղոթենք, որ ցեղասպանություն բառը ջնջվի պատմության գրքերից»:
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը բժիշկ Քաթինային նվիրեց ՀՑԹԻ գիտական հրատարակություններից: