22.12.2017
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայ ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով սփռվելով ողջ աշխարհով մեկ, գրեթե ամենուր կառուցեց իր ապրած ողբերգությունը հավերժացնող հուշարձաններ: Ցեղասպանությունը խոր վերք թողեց հայ ժողովրդի հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր շերտի առաջացմանը, որն աչքի էր ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը կանգնեցվել է 1919 թ. Կ. Պոլիսի Թաքսիմ հրապարակի հարևանությամբ` Փանգալթ թաղամասի Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան տարածքում։ 1922 թ. Կ. Պոլսի օկուպացիայի ընթացքում հուշարձանն ապամոնտաժվել է և հետագայում անհետացել դեռևս չպարզված հանգամանքներում (նկ.1):
Աշխարհի 40-ից ավելի երկների շուրջ 200 քաղաքներում տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ կառուցված ավելի քան 300 հիշատակի հուշարձանները համդիսանում են որպես ուխտատեղի և պատմական հիշողության խորհրդանիշ հայության համար: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանները հիմնականում մոնումենտալ, հաստոցային և դեկորատիվ քանդակագործությանը պատկանող խաչքարեր, հուշաքարեր, տապանաքարեր, հուշաղբյուրներ կամ հուշարձաններ են: Այս ժամանակահատվածում կանգնեցվել են նաև յուրօրինակ ճարտարապետությամբ և դիզայնով առանձնացող բազմաթիվ հուշակոթողներ, կառուցվել` եկեղեցիներ և մատուռներ:
Հիշատակի հուշարձանների շարքում առանձին տեղ է զբաղեցնում 1967 թ. Երևանում կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը (հեղինակներ` Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան): Այն իր ազդեցիկ և տպավորիչ կառույց լինելու շնորհիվ դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը: Հաջորդող 50 տարիների ընթացքում կառուցվել են շուրջ երկու տասնյակ հուշարձաններ, որոնք իրենց ճարտարապետության մեջ կրում են Ծիծեռնակաբեդի հուշահամալիրի կառուցման եռատարր հորինվածքի սկզբունքը կամ որոշ նման ճարտարապետական լուծումներ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը զուգընթաց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կառուցվեց նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում: 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի առթիվ Լոս Անջելեսի հայ համայնքը որոշեց կառուցել հուշահամալիր, որը պետք է հանդիսանար զոհերի հիշատակը հարգելու մշտական վայր։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 1968 թ. ապրիլին: Այն կառուցված է սպիտակ բետոնից և իրենից ներկայացնում է իրար միացված 23 մետր բարձրությամբ ութ կամարից բաղկացած շինություն: Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում (նկ.2): Հիշատակի հուշարձանների շարքում կարելի է առանձնացնել Տորոնտոյի (Կանադա, նկ. 3) և Սպահանի (Իրան, նկ. 4) հուշակոթողները, որոնք կառուցվել են Ծիծեռնակաբերդի և Մոնթեբելլոյի հուշահամալիրների դիզայնի համադրությամբ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ է կառուցվել Ֆրեզնոյի Սան Խոակին հարթավայրում տեղակայված հուշարձանը, որի բացման և օծման արարողությունը տեղի է ունեցել 2015 թ. ապրիլի 24-ին: Հուշարձանը բետոնից և տուֆից է, ունի ինը սյուներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը։ Առաջին սյունն ունի 5,8 մ. բարձրություն, վերջինը` 4,6, որը խորհրդանշում է 1915 թվականը։ Հուշարձանի սյուների վրայի կիսատ լուսապսակը խորհրդանշում է Ցեղասպանության հետևանքով առաջացած ճեղքը և հայ ժողովրդի միասնությունը (նկ. 5):
2015-ի հունվարին ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշում ընդունեց Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որի բացումը տեղի ունեցավ 2015 թ. նոյեմբերի 14-ին: Հուշարձանը կառուցվել է Հայ-ամերիկյան մշակութային միության միջոցներով: Այն Ծիծեռնակաբերդի հուշարձանի նմանօրինակն է, փոքր չափերով։ Հուշարձանը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանված 12 հայաբնակ բնակավայրերը (նկ. 6):
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կոնաձև դամբարանի և հուշասյան էլեմենտները մեկտեղված օգտագործվել է նաև Մարսելում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանում։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 1970 թ, մայիսի 31-ին, հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1973 թ.(նկ. 7): Մարսելում` “1915 ապրիլ 24” պողոտայի սկզբնամասում և Մոնպելիեում (Ֆրանսիա) ևս երկու հուշարձան է կառուցվել Ծիծեռնակաբերդի մոտիվներով (նկ. 8, նկ. 9):
Իրենց ճարտարապետությամբ և մասշտաբներով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին առավել մոտ են Կարակասում (Վենեսուելա) և Բուենոս Այրեսում (Արգենտինա) կառուցված հուշահամալիրները (նկ. 10, նկ. 11):
Հայ համայնքի ջանքերով և միջոցներով կառուցված հարյուրավոր հուշարձաններից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտիվներով են ներշնչված Վիեննայի (Ավստրիա, նկ.12) Կորդովայի (Արգենտինա, նկ.13), Սանտյագոյի (Չիլի, նկ.14), Թեհրանի (Իրան, նկ.15), Լաթաքիայի (Սիրիա, նկ.16), Դեր Զորի (Սիրիա) Բերիո Հայոց թեմի և Բերիո հայ համայնքի հովանավորությամբ (նկ.17), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Բերիո հայ համայնքի հովանավորությամբ (նկ.18) կառուցված կոթողները:
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 60-ից ավելի հուշարձաններ, որոնցից Ծիծեռնակաբերդի նմանությամբ կարելի է առանձնացնել Վեդիի հուշահամալիրը: Հուշարձանը կառուցվել է Հայոց ցեղասպանության 75-ամյա տարելիցին (նկ.19):
Տաթևիկ Ղալթաղչյան, ՀՑԹԻ գիտաշխատող
1. Օսմանյան կայսրություն, Կ. Պոլիս, 1919թ., «Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախմբի նախաձեռնությամբ
2. ԱՄՆ, Կալիֆորնիա, Մոնթեբելլո, 1968թ., հեղինակ` Հրանտ Աղբաբյան
3. Կանադա, Տորոնտո, 1985թ., հեղինակ` Տիգրան Դաքեսյան, կառուցվել է հայ համայնքի միջոցներով
4. Իրան, Սպահան, 1975թ., հեղինակներ` Ա. Աճեմյան և Ե. Սաբունչյան, կառուցվել է Նոր Ջուղայի հայ համայնքի և Ե. Սաբունչյանի հովանավորությամբ
5. ԱՄՆ, Կալիֆորնիա, Ֆրեզնո, 2015թ. Սան Խոակին հարթավայրում, հեղիկանկ` Փոլ Հալաջյան
6. ԱՄՆ, Նևադա, Լաս Վեգաս, 2015թ., Քլարկ վարչական շրջանի նախաձեռնությամբ և Հայ-ամերիկյան մշակութային միության միջոցներով
7. Ֆրանսիա, Մարսել, 1973թ., հեղինակ` Թ. Ռաստքելենյան, կառուցվել է հայ համայնքի և Մարսելի քաղաքապետարանի հովանավորությամբ
8. Ֆրանսիա, Մարսել, 2006թ., հուշարձանը տեղակայված է 1915 ապրիլ 24 պողոտայի սկզբնամասում
9. Ֆրանսիա, Մոնպելիե, 1986թ., հեղինակներ` Է. Սարգսյան և Կլոդ Ստրակ, կառուցվել է հայ համայնքի միջոցներով
10. Վենեսուելա, Կարակաս, 2002թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով
11. Արգենտինա, Բուենոս Այրես, 1990թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով
12. Ավստրիա, Վիեննա, 1985թ., հեղինակ` Բերանշ Հարթունյան-Թահմասյանց, կառուցվել է, Կ. Փափազյանի և Ավստրիայի Հայ առաքելական Եկեղեցական Խորհրդի հովանավորությամբ
13. Արգենտինա, Կորդովա, 1996թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով
14. Չիլի, Սանտյագո, 1975թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով
15. Իրան, Թեհրան, 1973թ., հեղինակ Է. Աբրահամյան, հովանավոր, Ա. Տեր-Հակոբյան
16. Սիրիա, Լաթաքիա, 1977թ.,հեղինակ` Ե. Կարպուշյան, կառուցվել է Բերիո Հայոց թեմի և Ե. Կարպուշյանի հովանավորությամբ
17. Սիրիա, Դեր Զոր, 1991թ.,հեղինակ` Ս. Պալմանուկյան, ճարտարապետներ` Կ. Թովմասյան և Ս. Գրատյան, կառուցվել է Բերիո Հայոց թեմի և Բերիո հայ համայնքի հովանավորությամբ
17a. Սիրիա, Դեր Զոր, 1991թ.,հեղինակ` Ս. Պալմանուկյան, ճարտարապետներ` Կ. Թովմասյան և Ս. Գրատյան, կառուցվել է Բերիո Հայոց թեմի և Բերիո հայ համայնքի հովանավորությամբ
18. Սիրիա, Դեր Զոր, 1991թ.,հեղինակ` Ա. Ղազարյան, կառուցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Բերիո հայ համայնքի հովանավորությամբ
19. Վեդի, Արարատի մարզ, 1990թ., հեղինակ` Պ. Սեդրակյան