22.01.2015
Այսօր ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից թողարկված «Ցեղասպանագիտական հանդես» և անգլիալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականների անդրանիկ համարների շնորհանդեսը:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, հանդեսի գրախոսությունների բաժնի խմբագիր Սուրեն Մանուկյանը և ներկայացրեց ամսագրերի ստեղծման և տպագրման հետ կապված մանրամասներ: «Հայաստանում կար գիտական հանդեսի բաց, որը կունենար նեղ մասնագիտական, գիտական ուղղվածություն: Հաշվի առնելով հայրուրամյա տարելիցի նկատմամբ հետաքրքրության աճը` որոշում կայացվեց հրապարակել հայալեզու «Ցեղասպանագիտական հանդեսը»: Հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականները կարող են իրենց հետազոտությունները հրապարակել այս ամսագրում: Իսկ անգլերեն ամսագիրը միջազգային ակադեմիական գործունեության կարևորագույն քայլ է»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքով` ցեղասպանության ուսումնասիրություններին նվիրված մինչ այժմ աշխարհում հրապարակվող երեք հեղինակավոր ամսագրերը միայն որոշ չափով են ներկայացնում Հայոց ցեղասպանությունը: Անգլիալեզու հանդեսը հնարավորություն կտա Հայաստանի հայագիտական միտքը աշխարհին ներակայացնել, ինչպես նաև կնպաստի միջազգային մակարդակի հայկական ցեղասպանագիտական դպրոցի ձևավորմանը: Հանդեսներն անվճար կտրամադրվեն աշխարհի ցեղասպանագիտական առաջատար կենտրոններին:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ գիտական խորհրդի անդամ Հարություն Մարությանը, ով ողջունեց ամսագրերի հրատարակումը և բարձր գնահատեց դրանցում առկա հոդվածների մասնագիտական որակները: «Հանդեսները աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ, ինչը շատ ողջունելի է և կարևոր»,-նշեց պարոն Մարությանը:
Միջոցառումը եզրափակեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, ամսագրերի գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը, ով իրադարձությունը պատմական որակեց և նշեց, որ ամսագրերի առաջին օրինակներից կուղարկվեն թուրքական համալսարաններին, գրադարաններին:
«Հրապարակ բերելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների առաջին միջազգային հանդեսը` լուրջ հայտ ենք ներկայացնում ցեղասպանագիտության ասպարեզում: Թանգարանը ևս մեկ այցեքարտով է հանդես գալիս միջազգային հանրությանն իր անգլիալեզու հանդեսով, որն այլևս իրականություն է»,- նշեց Հայկ Դեմոյանը: