Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պարոն Ռամիրեսին և նրան ուղեկցողներին ողջունեց, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Մեքսիկայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, թանգարանի էքսկուրսավար Ռոզա Մնոյանը հյուրերին ծանոթացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին, ցուցանմուշներին: Այցի ավարտին Ադոլֆո Տոռես Ռամիրեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է.
«Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհը հարգի, հասկանա Հայոց ցեղասպանությունը և կարողանանք ապրել խաղաղ պայմաններում: Այն պետք է ճանաչվի բոլորի կողմից, իսկ հայ ժողովուրդը խաղաղության ջատագովը դառնա»: