Սարգիս Մուրադյանի (1927-2007 թթ.) «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավը առաջիններից էր, որ խախտեց Հայոց ցեղասպանության հիշողության երկարատև լռությունը: Ստեղծագործությունը ճակատագրական եղավ թե´ նկարչի հետագա գործունեության և թե´ Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման առումով:
1951 թ. Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի (ներկայիս Գեղարվեստի ակադեմիայի) շրջանավարտ Սարգիս Մուրադյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը»: Սակայն էսքիզը մերժվում է և փոխարինվում ստալինյան թեմայով (ներկայումս ցուցադրվում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում):
Այս «ձախողումից» հինգ տարի անց` 1956 թ. Ս. Մուրադյանը նկարում է «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը, որն ապագայում պետք է մեծ ընդունելության արժանանար և հարթեր նկարչի հետագա ստեղծագործական ճանապարհը:
Այդ տարիներին Եղեռնի թեման չէր բարձրաձայնվում, և «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը թերևս դարձավ Հայոց ցեղասպանության մասին առաջին պատկերավոր արտահայտություններից մեկը:
Կտավն առաջին անգամ ցուցադրության ներկայացվեց 1956 թ. Մոսկվայում կայացած «Հայ արվեստի և գրականության տասնօրյակի» շրջանակներում: Սկզբում, իհարկե, հայկական ժյուրին մերժեց կտավի ներկայացումը մոսկովյան ցուցադրությանը: Պատճառը բոլորովին այն չէր, որ կտավը չէր համապատասխանում ցուցադրության չափանիշներին: Խնդիրն այն էր, որ «Կոմիտաս. վերջին գիշերը» և դրանում արտահայտված Հայոց ցեղասպանության թեմատիկան բացահայտում էին լինելու ռուս հասարակության համար: Բարեբախտաբար, Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանի պնդմամբ կտավն ուղղարկվեց ցուցադրության, որտեղ էլ արժանանացավ մեծ ուշադրության և քննարկումների:
Անդրադառնալով Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավին` փորձագետներից մեկը` ռուս նկարիչ Բորիս Յոգանսոնը, մատնանշում է կարմիրի առատությունը.
«…եթե հատակին փռված գորգը նկարված լիներ կանաչավուն կամ կապտաերկնագույն երանգներով, դա շահեկան կլիներ պատկերի գեղանկարչական ողջ կառուցվածքի համար»: Սակայն Յոգանսոնը հաշվի չէր առել կամ չէր ցանկանում շեշտադրել Մուրադյանի կողմից կարմիրի խորհրդանշական իմաստը, որով նկարիչը ցույց էր տալիս հայ ժողովրդի թափած արյունը: Մուրադյանի նպատակը Կոմիտասի կերպարով Եղեռնի թեմայի բարձրաձայնումն էր:
Առհասարակ Սարգիս Մուրադյանն առաջիններից էր, ով խորհրդային արվեստում առաջնային տեղ գրավող թեմատիկ ժանրն ուղղեց դեպի ազգային պատմություն: Հետագայում Մուրադյանը ստեղծագործական շարք է նվիրում Կոմիտասին` «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում» (1957թ.), «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ» (1957թ.), «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ» (1965թ.), «Անտունի» (1969թ.):
Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող
Հայկական արվեստի և գրականության տասնօրյակի եզրափակիչ համերգի ծրագրի ձևավորում, Մոսկվա, 1956 թ.
Նկարը` Հայաստանի ազգային պատկերասրահ
Սարգիս Մուրադյան
Հայաստանի ժողովրդական նկարիչ