22.03.2024
Երեկ՝ մարտի 21-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով ՀՑԹԻ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրությունների բացումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի դասախոսները, ուսանողներ և այլք:
Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով, որ հայ ժողովրդի կապը ֆրանկոֆոն ընտանիքի, հատկապես Ֆրանսիայի և Կանադայի հետ, խորը արմատներ ունի և կապված է նաև Հայոց ցեղասպանության տարիներին, դրանից առաջ և հետո երկու երկրների դիրքորոշման հետ` արձանագրելու և արձագանքելու հայերի դեմ իրականացվող ոճիրներին: Ապա հավելեց, որ ֆրանսիական ու կանադական հասարակությունը, քաղաքական ու մարդասիրական շրջանակները չլռեցին` առերեսվելով մարդության դեմ ուղղված հանցագործություններին, հայերի կյանքի ու այլ իրավունքների զանգվածային խախտումներին և որ նրանք չեն լռում նաև այսօր:
Այնուհետև Էդիտա Գզոյանը ներկայացրեց ցուցադրությունները:
«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ցուցադրությունը ներկայացնում է Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է ֆրանսահայ անվանի հինգ արվեստագետների՝ Լևոն Թյությունջյանի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան), Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը: Նշված բոլոր արվեստագետները Հայոց ցեղասպանությունը վերապրածեր են կամ վերապրածների ժառանգներ, որոնց ստեղծագործություններում արտացոլված են համազգային ցավի գույները:
«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով ցուցադրությունը բաց է լինելու մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը, իսկ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը՝ 2025 թ. ապրիլի 15-ը: