22.05.2014
«Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 30-ից 31-ը կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար: Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի հանրակրթական և ավագ դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչները: Ծրագրին մասնակցող ուսուցիչները դասընթացն սկսվելուց առաջ կստանան նաև համապատասխան գրականություն՝ նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր:
Ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն դասավանդման գործընթացում: Ուսուցիչները հնարավորություն կունենան իրենց ձեռք բերած հմտությունները փոխանցել դասընթացին մասնակցություն չցուցաբերած դպրոցի կամ քաղաքի/մարզի դպրոցների ուսուցիչներին:
Ծրագիրը նպատակ ունի ուսուցիչներին ծանոթացնել միջազգայնորեն ընդունված, տարբեր գիտահետազոտական ու կրթական համակարգերի կողմից հաստատված ցեղասպանության կրթության և դասավանդման հիմնական սկզբունքներին: Դասընթացի խնդիրն է նպաստել Հայոց ցեղասպանության պատմության թեմայի դասավանդման բարելավմանը: Դրա շրջանակներում ուսուցիչները հնարավորություն կունենան վեր հանել և պարզաբանել հակասական ու անորոշ խնդիրներ, մասնակցել Հայոց ցեղասպանության թեման նորովի և արդիական մոտեցումներով մատուցելուն ուղղված նոր ուղեցույցի ստեղծման աշխատանքին: Դասընթացը թույլ կտա նոր հարցադրումներով, շեշտադրումներով և մոտեցումներով փոխել գոյություն ունեցող կարծրատիպերը, աշակերտներին դաստիարակել որպես ավելի բանիմաց, լայնախոհ, պետության հանդեպ պատասխանատու քաղաքացիներ:
Լրացրած դիմումներն ուղարկել prospectus@post.com հասցեով մինչև ս/թ. հունիսի 23-ը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ