22.05.2024
Այսօր՝ մայիսի 22-ին, կլրանար նշանավոր շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) ծննդյան 100 ամյակը:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Հայոց ցեղասպանության վերապրածներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Շառլի ծնողները արտիստներ էին. մայրը՝ դերասանուհի, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը հայկական թերթի համար մշակութային հոդվածներ էր գրում։
Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշա), արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է Զմյուռնիայում (Իզմիր) հայ վաճառականների ընտանիքում: Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էր Քնարի ամբողջ ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները: Ազնավուրի մայրը փրկվել է միայն նրա շնորհիվ, որ մեկնել էր տատիկի մոտ Կոստանդնուպոլիս ուսանելու։ Իսկ հայրն, ունենալով ռուսական անձնագիր, կարողացել էր ընտանիքի հետ նավով գաղթել Հունաստան, որտեղ 1923 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա և այնտեղ էլ ծնվել է Շառլ Ազնավուրը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին:
1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր, և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ 1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- ահա այս խոսքերն է ասել Շառլ դը Գոլն Ազնավուրի մասին:
Աշխարհահռչակ շանսոնիեն նկարահանվել է նաև կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962) և այլն։ 2002 թվականին նա հանդես է եկել գլխավոր դերում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը վտարանդի հայ ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է ժխտողականության ֆոնի վրա հավաքական հիշողությունը վերականգնելու դժվարություններին: Ֆիլմում հնչում են Շառլ Ազնավուրի հետևյալ խոսքերը.
«Ամբողջ կյանքում ես ուզում էի նկարահանել մեր պատմությունը, մեր տառապանքը: Այժմ մենք նկարահանում ենք այս ֆիլմը»:
Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։
Հայազգի շանսոնիեն նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, բարձր ամբիոններից և բեմերից խոսել է Հայոց ցեղասպանության մասին, պատմել ցեղասպանությունից մազապուրծ իր ծնողների պատմությունը: 1995 թվականին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան և մշտական պատվիրակ։
Շառլ ազնավուրը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում:
«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», - ասել է Էմանուել Մակրոնը Ազնավուրի հուղարկավորության ժամանակ: