Փետրվարի 22-ին Բեյրութի Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում լիբանանահայ երկրորդական վարժարանների բարձրագույն կարգի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ավելի քան մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը ուսանողներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքները: Կենտրոնանալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վրա՝ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ցույց տվեց թանգարանի շենքի նոր կառույցի մանրանկարը:
«Ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու մեր ազգային հիշողությունն է, որ հազարավոր հայորդիների կմղի այցելել Ծիծեռնակբերդ: Հիմա մենք հաղթած ենք մեր միասնականությամբ, մինչ 100 տարի առաջ մենք վտանգված էինք: Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր գրավյալ հայրենիքը», - նշեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց. «2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակը մեր պայքարն ամփոփելու տարելից չէ, այլ ընդհակառակը՝ պայքարի վերապնդման և տարբեր եղանակներով մեր պահանջատիրությունը շարունակելու մեկնակետ»:
«Դուք և ձեր հասակակիցները Հայաստանում, Արցախում, Ֆրանսիայում, թե այլուր, պետք է դառնաք հայոց պահանջատիրական այդ պայքարի բաղադրիչը»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը:
Միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները բարձր գնահատեցին Հայկ Դեմոյանի դասախոսությունը և, հատկապես, ուսանողներին ոգեշնչելու նրա պատրաստակամությունը: