23.03.2024
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)
Դպրոց՝ Գեղարքունիքի մարզի, Գագարինի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Մարտի 23-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի, Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը:
Նարինե Մարգարյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։ Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: