23.04.2021
Ս. թ. ապրիլի 23-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին ի պահ հանձնեց «Խոսք հոգեհանգստյան» խորագրով հուշամատյանը` որպես սերունդների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դեռևս նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Հովհաննես Թումանյանի թանգարանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ «Խոսք հոգեհանգստյան» խորագրի ներքո առցանց հարթակում համախմբել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրառումներ, քանի որ համավարակի պայմաններում ՀՀ-ում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ Ցեղասպանության հուշահամալիր երթն արգելված էր:
Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ ստեղծված առցանց հարթակում աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ՝ հայ, թե օտարազգի, իրենց հոգու խոսքն էին գրում՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների:
Հովh. Թումանյանի թանգարանի կողմից կազմված «Խոսք հոգեհանգստյան» ձեռագիր հուշամատյանը պատկերազարդված է հայ միջնադարյան մանրանկարչության ոճով, իսկ գլխագրերը ներկված են որդան կարմիրով (գրիչ-ծաղկող՝ Սուսան Կիրակոսյան):
Հուշամատյանը միջնադարյան մագաղաթի նմանությամբ ունի կաշվե կազմ (կազմարար՝ Էլլա Հակոբյան), սկսվում է Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությամբ, այն ներառում է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով 105 գրառում: