23.04.2024
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, հոգևորականներ, հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ և այլք:
Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը, ապա ավելացրեց. «Հայոց ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին: Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»: Իր խոսքի վերջում ՀՑԹԻ տնօրենը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի պատմության թանգարանին, Գրականության և արվեստի թանգարանին, ՀՅԴ պատմության թանգարանին և Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանին:
Այնուհետև ՀՑԹԻ տնօրենը ներկայացրեց ցուցադրությունը, որի նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց և միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը:
Ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը: