23.06.2022
Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքից էր Այջյան (Այճեան) ընտանիքը:
Խարբերդի (Մամուրեթ ուլ Ազիզ) նահանգն Արևմտյան Հայաստանի կենտրոնական նահանգներից էր: Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացված հայերի բռնի իսլամացման քաղաքականության հետևանքով Խարբերդի նահանգի մի շարք հայկական բնակավայրեր արդեն 19-րդ դարում դարձել էին թուրքաբնակ, քրդաբնակ, իսկ կայսրության վարած ազգային, սոցիալական, կրոնական խտրական քաղաքականությունը հանգեցրել էր հայկական բնակավայրերի հայաթափմանը: Չնայած դրան՝ Կ․Պոլսի Պատրիարքարանի 1914 թ. տվյալներով Խարբերդի հայ բնակչության թիվը հասնում էր 204 000-ի:
Հայոց ցեղասպանության տարիներին Խարբերդ նահանգի հայությունը, ինչպես կայսրության մյուս հայաբնակ նահանգներում, ենթարկվեց տեղահանության ու կոտորածների, ինչի հետևանքով Խարբերդի նահանգը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց:
Նախքան ցեղասպանությունը Արաբկիր քաղաքն ուներ 18 000-ից ավելի բնակչություն, որից մոտ 9 000-ը հայ էր: Քաղաքը կառուցված էր երեք ձորերի միջև, ուներ 10-ից ավելի թաղ։ Արաբկիրի հայ բնակչությունն առանձնանում էր իր բարբառով, ինչպես նաև քաղաքային կենցաղով:
1915 թ. հունիսին, երբ հայտարարվեց երիտթուրքական կառավարության հրամանը Խարբերդի ողջ հայությանը տեղահանելու մասին, սկսվեց համատարած թալանն ու կոտորածը:
1915 թ. հուլիսին Արաբկիր գավառակի հայության տեղահանությունը իրականացվում է հիմնականում Դիարբեքիրի, Մալաթիայի, Ուրֆայի ուղղություններով: 1915 թ. հուլիսի 5-ին չեթեների և ժանդարմների հսկողությամբ Արաբկիրից դուրս եկած 7 000 հոգանոց քարավանը ճանապարհին ենթարկվեց սպանդի. քչերին հաջողվեց ողջ մնալ:
Այջյան ընտանիքին ևս վիճակված էր անցնել սարսափելի ու անմարդկային փորձությունների միջով, կրել թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության ծանր հետևանքները:
Այջյանները բավականին ճանաչված էին Արաբկիրում:
Ընտանիքի մեծ պապը՝ Մարտիրոս էֆենդին, մեծ հարգանք և հեղինակություն ուներ ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի շրջանում: Մարտիրոսն ուներ չորս որդի՝ Կարապետ, Հարություն, Համբարձում և Նազարեթ:
1915 թ. թուրք ոստիկանները Մարտիրոսի աչքի առաջ սպանում են նրա չորս որդուց երեքին՝ Կարապետին, Հարությունին, Համբարձումին, իսկ այնուհետև՝ գերդաստանի հորը՝ Մարտիրոսին: Միայն Նազարեթին է հաջողվում փրկվել:
Զրկվելով հայրենիքում ապրելու, արարելու հնարավորությունից՝ ողջ մնացած հայության բեկորներն ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում:
Ցեղասպանությունից մազապուրծ Այջյան ընտանիքի ողջ մնացած անդամները ապաստանեցին տարբեր երկրներում. հրաշքով փրկված Նազարեթը հաստատվում է ԱՄՆ-ում, Հարությունի զավակներից Տիրանն ու Վարսենիկը՝ Կ.Պոլսում, Նվարդը գաղթում է Ֆրանսիա, Համբարձումի զավակներից Աբրահամն ու Մարիցան՝ Արգենտինա, Գինովարենը քրոջ՝ Արշալույսի հետ ապաստան են գտնում ԱՄՆ-ում:
Հայոց ցեղասպանության զոհ Կարապետ Այջյանի որդին՝ Մերուժանը (ծնված 1907 թ. Արաբկիրում) 1923թ. հաստատվում է Խորհրդային Հայաստանում: 1938 թ. նա ամուսնանում է ամերիկյան որբանոցի նախկին սան Վարդանուշ Սարգսի Ուրումյանի հետ (վերջինիս 1928 թ. Գյումրիի ամերիկյան որբանոցի փակվելուց հետո ուղարկել էին Աբխազիա, որտեղ նրան որդեգրել էր Ուրումյան ընտանիքը)։
Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայից և Մերձավոր Արևելքի հայկական գաղութներից բազմաթիվ հայեր դիմեցին ներգաղթի կոմիտե՝ Խորհրդային Հայաստանում հաստատվելու համար:
Նրանց ընդունելու և տեղավորելու համար Երևանում և հարակից բնակավայրերում Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի անուններով կառուցվեցին նոր ավաններ և թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Նոր Հաճըն, Կիլիկիա, Զեյթուն և այլն):
Արաբկիրցիների զգալի մասը ներգաղթում է Խորհրդային Հայաստան, Երևանում հիմնում Նոր Արաբկիր թաղամասը, կառուցում տներ, մանկապարտեզ, հիմնում տեքստիլ կոմբինատ։
1941 թվականին, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Մերուժանը մեկնում է ռազմաճակատ, ով հարազատների հետ վերջին նամակագրությունը ունեցել է Կերչից 1942 թվականին:
1991-1992 թթ. արաբկիրցիներ Ֆիլիպ Ղազարյանի և գրող, հրապարակախոս Վահագն Դավթյանի ղեկավարությամբ Երևանի Արաբկիր համայնքի այգիներից մեկում կանգնեցվում է Հայրենական մեծ պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակը հավերժացնող հուշարձան, որի վրա փորագրվում է նաև Մերուժան Կարապետի Այջյանի անունը:
Այջյան ընտանիքի լուսանկարները «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին են հանձնել Այջյան ընտանիքի ժառանգներ Ֆլորա և Վարդուհի Գաբրիելյանները:
Արփինե Դուրինյան
ՀՑԹԻ գիտական ֆոնդերի ֆոնդապահ
Հայոց ցեղասպանության զոհ Հարություն և Կարապետ Այջյանների ժառանգներն են.
նստածներից ձախից երրորդը՝ Մարան Կարապետի Այջյան-Բասմաջյան (ծնվ. 1910 թ. Արաբկիր),
վերին շարք՝ ձախից աջ՝ Մարանի որդին՝ Տիգրան Բասմաջյանը, քույրը՝ Մարիցան, ձախից հինգերորդը՝ Մարանի ամուսինն է՝ արաբկիրցի Սարգիս Բասմաջյանը, աջից առաջինը Զմրուխտի որդին՝ Տիրանը, նրա կողքին կինը՝ Զարուհին:
Նստածներից ձախից հինգերորդը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Զիրմիթ մայրիկ Այջյանն է՝ Հարությունի կինը, կողքին ձախից չորրորդը՝ աղջիկն է՝ Նվարդ Այջյանը, Ստամբուլ, 1950-ական թթ.:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կենտրոնում Հայոց ցեղասպանությունը վերապրած Աբրահամ Համբարձումի Այջյանն է (ծնվ. 1908/1910 թ. Արաբկիր)՝ կնոջ՝ Ազատուհու և դուստրերի՝ Վարդուհու և Թագուհու հետ, Բուենոս Այրես, 1950–ական թթ.:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության զոհ Մարտիրոս Այջյանի կինը՝ Միրիջանյան (անունը հայտնի չէ):
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանությունը վերապրած Մերուժան Կարապետի Այջյան, ծնված 1907 թ. Արաբկիր քաղաքում: Հայրենական մեծ պատերազմի մասնակից, անհետ կորած:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կարապետ Այջյանի կինը ՝ Փեփրոնե Թևեքելյանը՝ դուստր Մարանի հետ (նստած), Ստամբուլ, 1920-ական թթ.:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Ձախից՝ արաբկիրցի Սարգիս Բասմաջյան, կենտրոնում՝ Փեփրոնե Թևեքելյան՝ գոգին թոռնուհին, աջից՝ Մարան Այջյան-Բասմաջյան:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ