23.10.2014
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Երևան այցելած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
Գերմանիայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին նվիրեց իր հեղինակած և օրերս հրատարակված «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը և 2013 թվականին Հայփոստի կողմից թողարկված հայասեր, գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսին նվիրված նամականիշ: