ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ «ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ
Հոկտեմբերի 20-23 տեղի ունեցան հանդիպումներ ամերիկաբնակ հայ պատմաբան, միջազգային հեղինակություն վայելող գիտնական, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:
Հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր «Կրթություն բոլորի համար» (Teach for All) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի ծրագրի մասնակիցներին, միջոցառման բանախոսն էր պարոն Հովհաննիսյանը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունեց ներկաներին և Հայոց ցեղասպանության ուսումնասիրման և ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից թողարկվող «Հենրի_Մորգենթաու» հուշամեդալով:
Արդեն հոկտեմբերի 23-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես եկավ մեկ այլ հանրային դասախոսությամբ:
Պրոֆեսորը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության պատմագրության զարգացումը» թեմայով դասախոսությամբ: Տեղի ունեցավ հարց ու պատասխան, քննարկում:
Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքում և իր պատմագիտական կրթությանը հաջորդած ամբողջ շրջանում ուսումնասիրել է Հայոց և Մերձավոր Արևելքի պատմությունը: Իր աշխատանքների առյուծի բաժինը նվիրված է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության ուսումնասիրությանը:
1986 թվականին Ռ. Հովհաննիսյանը նշանակվել է ՀԿՀ-ի կողմից հովանավորված և Կալիֆորնիայի համալսարանում նոր հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ: Ռ. Հովհաննիսյանը Գուգենհայմի անվան մրցանակակիր է, ով այն ստացել է իր բացառիկ հետազոտությունների համար և դրանով իսկ իր ավանդն է ունեցել հայագիտության առաջխաղացման գործում: Նա մինչ օրս հանդիսանում է մի շարք գիտական և քաղաքացիական կառույցների տնօրենների խորհուրդի անդամ: 2010-11 թվականներին Ռ. Հովհաննիսյանը արժանացել է Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտների ընկերակցության «Լավագույն դասախոս» մրցանակին:
Տասնյակ մենագրությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Աշխարհի չորս տասնյակից ավել երկրներում հանդես է եկել դասախոսություններով, զեկույցներով, հարցազրույցներով, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ու ընդհանուր պատմության հիմնահարցերը:
Ռիչարդ Հովհաննիսյանը նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: