Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ջբեյլի որբանոցի աշակերտական «Տուն» ամսագիրը.
Վերապրելով և վերհիշելով ցեղասպանությունը


23.11.2022


Վերապրել ցեղասպանությունն ու վերհիշել անցյալը. սա թերևս որբերի ամենացավոտ կողմն էր: Ցեղասպանության, գաղթի, կոտորածների մասին հոդվածներն ամսագրում ավելի քիչ են: Այս հանգամանքը, միգուցե, բնական էր՝ հաշվի առնելով, որ որբերը չէին կարողանում խոսել իրենց տառապանքների մասին կամ, ամեն դեպքում, փորձում էին ամսագիրն ավելի դրական ու հուսադրող հոդվածներով ներկայացնել։ Բայցևայնպես, ինչքան էլ նրանց ցանկությունը մեծ լիներ ու ուսուցիչների կողմից միջամտությունն այդ ուղղորդմամբ տարվեր, միևնույնն է՝ հայրենիքի, հարազատների կորուստը, տխրությունը, կարոտը շոշափելիորեն զգացվում են ամսագրի էջերում։ Ամսագրի արձակ կամ չափածո ստեղծագործությունների միջոցով արտահայտված մեկ բառ, մեկ նախադասություն լիովին արտահայտում են որբերի հոգեվիճակը. «Մոռնա՞նք», կամ «Իմ հայրենիք, տնակ աւեր, Շինել պիտ գամ քեզի նորէն», «Հայրենիք, ես չեմ կարող քեզ մոռնալ, քեզ ուրանալ, Քու սէրդ զիս կը դիւթէ», «մեր անգին նահատակները արդար վրէժի պարտականութիւններով ծանրաբեռնել են մեզ», «ասոնք ինծի պէս որբ չեն, ինչ ուրախութեամբ կը խայտան», «թափված արյունի տեղն են բուսնել ծաղիկները», «Կը քարանամ․․․ կը քարանամ․․․ անպատճառ և իմ ցաւէն ու վշտերէն, ոհ խելառ․․․» և այլն:

«Իրիկուն» հոդվածում հեղինակը գրում է, որ երեկոները, նստելով իրար դիմաց, որբերը պատմում էին իրենց կարմիր հուշերի մասին. «...մենք կը պատմենք մեր ուղիէն կրած մանկան զրկանքները ... Ու կը պատմենք, թէ ինչպէս հրէշ թուրքեր ըրին ծնողազուրկ հայ որբերը»։

Բավականին ազդեցիկ է Ս. Մկրտիչյանի՝ «Ջուրի արժէքը» (Յիշողութիւն) պատումը՝ ցեղասպանության և գաղթի մասին։ Նա նկարագրում է գաղթի ճանապարհի իրենց կրած դժվարությունները, երբ դժվար էր առանց ջրի քայլելը, երբ ընտանիքի հայրը մտատանջությունից չգիտեր՝ ինչ անել: Երկար փնտրտուքից հետո հայրն էլ իրենց հետ լաց է լինում։ «Տեսնէիք թէ ինչպէս, իր պեխերուն մէջէն կաթիլ-կաթիլ արցունք կ’ուգար»։ Այդ պահին ինքնաբերաբար սկսում են ողջ ընտանիքով աղոթել։ Առաջին անգամ երեխաները հորն աղոթելիս են տեսնում: Երեկոյան կայծակ ամպրոպ է լինում ու անձրև սկսում։ Հուշագիրը գրում է. «Մենք սկսանք լեցնել մեր ամանները, այնչափ օրերէ ի վեր երեսնիս ջուր չէր տեսեր լաւ մը լուացինք ու խմեցինք մինչև որ կշտացանք, սկսանք հրճուիլ։ Եւ սկսանք փառաբանել մեր Աստուածը, որ մեզ անջուր չ’ձգեց»։

Ցեղասպանության տարիների ունեցած հուշերից և դրանց հետևանքների մասին խոսելիս ծնունդով կեսարացի Արամ Աֆարյանը պատմում է իր անցած ճանապարհը, ծնողների կորուստը Նահր Իբրահիմի որբանոցում հայտնվելը, որտեղ փորձում է համակերպվել իրողությանը. «Նահր Իբրահիմի որբանոցին մէջ ես առաջին անգամ ճանչցայ իմ որբութիւնը, ճաշակեցի մեր գրականութեան սէրը, և առաջին անգամ հոն էր, որ խարսխուեցաւ հայրենիքիս սէրը»։

Աբրահամ Կանիմյանը, վերհիշելով գաղթի ժամանակ մոր մահը, ցավով է արձանագրում իր երբեմնի կոպիտ վերաբերմունքով մորը ցավեցնելու մասին և գրում. «Թող քու անկենդան մարմնիդ աճիւնները ու Եփրատի հոսանքներուն յանձնուած անբիծ արեանդ վճիտ կաթիլները դժբախտ որդիիդ գալարուող սրտին ներում շնորհեն։ Քու էութեանդ սուրբ յարգը և անկեղծ մայրական գուրգուրանքը, հիմա նոր կը ճանչնամ։ Շատ ուշ հասկցայ, բայց կեանքիս բոլոր օրերուն մէջ չեմ կրնար մոռնալ և պիտի չմոռնամ յաւիտեան»։

Պետք է արձանագրել, որ որբանոցում կազմակերպվել են ցեղասպանության զոհերի հիշատակման ապրիլքսանչորսյան միջոցառումներ, սգահանդեսներ: Արմեն Հակոբյանի «Յարգանքի խօսք մը» հոդվածը Ցեղասպանությանն ականատես եղած փոքր սերնդի ունեցած տրավմայի արտահայտությունն է, որտեղ կարդում ենք. «Ով իմ մանկական վշտալի սրտիս և խորունկ ցաւերուն թախծոտ թարգմաններ, յարգանք Ձեզ, ... Դուք Ձեր վեհհոգի ու թանկագին կենաքը զոհեցիք ու խաչուեցաք թրքական անագորոյն թուրքերու և գազանաբարոյ ճիւաղային ճանկերուն կաշկանդումին տակ։ Դուք ինքնակամօրէն զոհուեցաք, դուք զոհուեցաք, որովհետև ամբողջ հայութիւնը ազատուի ձեր թափած անմեղ արեան գինովը»։

1925 թ. ապրիլին նույնպես անդրադարձ կա եղեռնի նահատակներին․ «Յարգանք Նահատակներուն» հոդվածում նույն հեղինակը՝ Արմեն Հակոբյանը գրում է, որ Մեծ պատերազմը բոլոր ազգերի տոների շարքում նոր տոն ավելացրեց՝ Նահատակաց կամ անծանոթ զինվորի տոն, հայ ժողովրդի համար էլ դա եղավ նահատակներին նվիրված ապրիլի 24-ը և շարունակելով՝ գրում է. «Այսօր, ով մեր քաջարի ծնողներ ու եղբայրներ, ես կուգամ ոգեկոչելու Ձեր սրբազան յիշատակը։ Դուք նահատակուեցաք Ձեր անսասան անխորտակելի հաւատքին, Ձեր ամենանուիրական գաղափարին փարուած ... Այսօր, Ձեր յետագայ սերունդը, Ձեր մանուկ որդիները հպարտութիւն կ’ունենան երբ կը յիշեն իրենց ծնողներու հաւատքը դեպի յաղթանակը։

Դուք, հայ նահատակներ ... Ռահվիրան ու Ջահակիրը եղաք ազատութեան գաղափարին, և Ձեր նահատակութեամբ աւելի սրբագործեցիք զայն։ Յարգա՜նք Ձեր ծանօթ և անծանօթ շիրիմներուն։ Յարգա՜նք Ձեր պաշտելի գաղափարին»։

Ամսագրի 1925 թ. մայիսի համարի «Յուշատետր» բաժնում կարդում ենք. «Ապրիլ 24 - Մեծ պատերազմի մեր նահատակներու տօնն է։ Սգահանդէս մը ունեցանք»։

Հատուկ անդրադարձ կա նաև ցեղասպանության զոհ հայ մտավորականներին։ Պետք է նշել, որ որբերը ծանոթ էին նրանց գործունեությանն ու ստեղծագործություններին։ Օրինակ՝ Ս. Փիլիկյանի բանաստեղծությունը՝ նվիրված Սիամանթոյին կամ ամսագրի էջերում զետեղված է Զոհրապի նկարը՝ մակագրված. «Հայ գրականութեան առաջին վարպետը իրապաշտ և գրականութեան և իշխանը նորավէպի արուեստին, և միանգամայն իր պետական բարձր դիրքին շնորհիւ եղած է թրքահայերու միակ պաշտպանն ու տէրը», Ռուբեն Զարդարյանի նկարը՝ մակագրված «Հայ գրական շքեղ փաղանգին ամենէն կարկառուն դէմքերէն մէկը»:

«Եօթը նահատակներուն» հոդվածի հեղինակը, դիմելով Մեծ Եղեռնի յոթ նահատակներին, որոնց անունները չի նշում, գրում է. «Ո՜վ դուք հայկական ազատութեան հսկայ հաւատքը դարբնող վեհ իտէալի աստուածացած եօթը կոթողներ... Դուք մեռաք ազատութեան լայն ճամբուն վրայ, մինչ ձեր մահը միշտ որոնելով բարձր նպատակը»։ Վերջում, խոսքն ուղղելով Սիամանթոյին, գրում է. «Եկո՛ւր և տես, քեզի հետ և Գողթոթայի գագաթը բարձրացուցին թշուառ ազգդ, եկո՛ւր անգամ մըն ալ օրհնէ ցեղիդ թափուած արիւնը ... եկուր անգամ մըն ալ զարկ արդարութեան դռները ...»:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ուղիղ անդրադարձ ցեղասպանությանը, աքսորի ճանապարհին, ունեցած կորուստներին, ամսագրի համարներում ավելի քիչ ենք հանդիպում:

1925 թ. որբանոցի գործունեությունն ընդհատվել է, ծրագրերը կիսատ են մնացել ու որբանոցը ցրվել է։ 1925 թ. որբերի թիվը նվազել էր՝ հասնելով 1000-ի, որոնցից 200-ը ազատ էին տեղաշարժման հարցում, 600-ը տեղափոխել են Սայդայի, 200-ը՝ Նազարեթի և Անթիլիասի որբանոցներ: Որբանոցը չփակելու խնդրանքով Թրևիսին փոխարինած նոր տնօրենը՝ Ֆաուլը, նամակներ է ստացել Կիլիկիո կաթողիկոսից, պատրիարքական փոխանորդից, «Փիւնիկ»-ի խմբագրատնից, Ազգային վարժարանի տնօրինությունից, Կարմիր խաչից, բայց որոշումն արդեն կայացված էր։ Այսպիսով, որբանոցի փակվելուց հետո, դադարել է լույս տեսնել նաև «Տուն» ամսագիրը:

Իրենց կատարած գործի մասին իրական գնահատական են տվել հենց իրենք՝ « Տուն»-ի խմբագրական անդամները. «Տուն»-ն իր անցած շրջանին մէջ ընթերցասէր որբերու, սիրալիր ընդունելութեան արժանացած ըլլալով, աշխատած է ճշմարիտ թարգմանը ըլլալ մեր սրտի հատորներու իրական ապրումներուն և յոյսեորւն։ Տուն-ը աշխատած է պարզ հայելի մը ըլլալ, որուն մէջ որոշապէս կը տեսնուի մեր այս ապրող նոր սերունդին երազները՝ հանդէպ մեր հայրենական տունին։ Մենք աշխատած ենք մեր թուղթէ Տուն-ին մէջ տեսնել ու գտնել մեր հայրենի բոյնը»:

Ջբեյլի որբանոցի ուսուցիչ-աշակերտ-տնօրենություն սերտ համագործակցության արդյունքում իրականություն դարձավ աշակերտական-որբանոցային «Տուն» ամսագիրը, որը ցեղասպանության տարիների արհավիրքներին ականատես որբերի ինքնագիտակցության, կյանքը վերարժևորելու և դժվարությունները հաղթահարելու, վրեժխնդրության, կորուսյալ հայրենիքի ու պայքարի, և մի շարք այլ արժեքների ու գաղափարների արտահայտությունն էր:

Աշակերտական ամսագրի նյութերն իրենց զգայական, հոգեբանական, վերլուծական յուրահատուկ խորություն։ Ամսագրի 34 համարները կարծես ամբողջացնում են որբերի առօրյան, նրանց մտածելակերպն ու հոգեկերտվածքը։ Այն իսկապես ազգային վերակերտման կարևոր փորձ էր որբանոցի սաների համար, և պետք է արձանագրել, որ ամսաթերթը՝ որպես իրենց սերնդակիցների կողմից շարադրված նյութերի ժողովածու, անգամ կարող էր դառնալ դասագիրք այլ որբանոցներում ընթերցվելու համար։ Այն հայոց լեզվի ու գրականության հիանալի հանրագիտակ էր։ Հոդվածների բովանդակությունից ու ուղղվածությունից ակնհայտ է, որ հեղինակները պատանիներ են, որոնք ինչքան էլ փորձեն ուժեղ ներկայանալ, ամեն դեպքում, ակնհայտ է, որ դեռ ցեղասպանության հիշողության տրավման հաղթահարելու փուլում են։

Ամբողջացնելով ամսագրում առկա նյութերը, կարևոր անձանց ու դեպքերին վերաբերող անդրադարձները, պետք է փաստել. այն բավական բարձր է պահել իր որբերին իրազեկելու տեղեկատվական նշաձողը, հայրենասիրական ու հայապահպան ուղղվածությունը։

Որբանոցային ամսագիրն իր որակի մեջ անմրցելի էր նաև գծանկարներով. վերջիններս հետաքրքիր են բովանդակային տեսանկյունից: Սկզբնական շրջանի համարներում հիմնականում որբանոցային առօրյան պատերող 50-ից ավելի գծանկարներ են՝ որբանոցի բանջարանոցը, թռչնանոց-ճագարանոցը, ձկնորսական, արշավներ, ծովափնյա լոգանքներ, մրցումներ պատկերող գծանկարներ, ինչպես նաև առկա է որբանոցի հատակագիծը, գրադարանն ու ճաշարանը, ինչպես նաև նոտաներ, խաչբառեր, ավելի մանր նկարազարդումներ, մասնավորապես դիմանկարներով, որոնց թիվն անցնում է չորս տասնյակը:

Բովանդակային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ որբերի մի մասն անգիտակցորեն պարփակվում էին, լռեցնում իրենց զգացմունքները, հուշերը, մյուսը՝ այս կամ այն կերպ բացահայտում են դրանք իրենց առօրյա հարաբերություններում։

Աղետից փրկված անչափահասի ուղեղն ու միտքը, անկարող լինելով ընկալելու և իմաստավորելու ահավոր պատահարների շարունակականությունը, ենթագիտակցորեն արգելափակում էր զգացումներն ու հարմարվում ծանր հոգեվիճակին։ Որբանոցի սաները փորձում են Ցեղասպանության հետևանքները հաղթահարել ապրիլի 24-ի հիշատակի արարողությունների ոգեկոչման, բանահյուսության, ստեղծագործելու, ընթերցելու, ասմունքելու, կրոնի, եկեղեցու, հավատի միջոցով, ինչպես նաև մշակութային, սկաուտական, տարբեր հավաքույթների, անգամ՝ զվարճալի պատմությունների միջոցով, ինչն ակնհայտ է «Տուն» ամսագրի բովանդակությունից։

Հայոց ցեղասպանությունը վերապրած Ջբեյլի որբանոցի սերունդը կարողացել է ինչ-որ չափով հաղթահարել ցեղասպանության հոգեբանական հետևանքներն ու դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին: Որբանոցային սերունդը հնարավորինս պահպանել է իր հայկական դիմագիծը և կարևոր դերակատարում ունեցել նաև տարածաշրջանի հայ համայնքների վերաձևավորման գործում:

Ամսագրի ամբողջական թվային տարբերակը մեզ է տրամադրել ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի խորհրդական Միհրան Մինասեանը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:

Նարինե Մարգարյան, պ.գ.թ.,
ՀՑԹԻ գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am