Դեկտեմբերի 23-ին ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-րդ տարելիցին:
Ցուցադրության բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը, թանգարան-ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, Արմենպրեսս լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ և այլ հյուրեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: ՀՑԹԻ-ի տնօրենն իր խոսքում առանձնապես կարևորեց, որ ՀՑԹԻ-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միակ թանգարանն ու միաժամանակ գիտահետազոտական հաստատությունն է և վստահություն հայտնեց, որ իր գործունեության հաջորդ քառորդ դարի ընթացքում ևս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակելու է իրականացնել մի շարք ծրագրեր և ձեռնարկելու է նոր նախագծեր, որոնք միտված են լինելու Հայոց ցեղասպանության հիմնարար ուսումնասիրությանը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը հայ և օտարերկրյա քաղաքացիներին ճանաչելի դարձնելուն:
Ժամանակավոր ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ներկայացված են հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրման պատմությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և հաջորդող տարիներին թանգարան-ինստիտուտի ծավալած գործունեությունը, տարբեր երկրներից Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա՝ թանգարան այցելած պաշտոնական պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ավանդույթ դարձած այցերը:
Առանձին խորագրերով անդրադարձ է կատարվել նաև թանգարան-ինստիտուտի հրատարակություններին, թանգարանային ֆոնդերին ու գիտական գրադարանին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, կազմակերպված գիտաժողովներին, հանրային դասախոսություններին և այլն:
Ցուցադրության մեջ ներկայացված են հաստատության թանգարանային ֆոնդերի արժեքավոր որոշ ձեռքբերումներ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների և միսիոներների անձնական բացառիկ իրեր, փաստաթղթեր, բնօրինակ լուսանկարներ, փոստային բացիկներ և այլն։ Ներկայացված են նաև ՀՑԹԻ-ին տրված մրցանակները, պատվոգրերը, հրատարակությունները, թողակումները՝ երախտավորներին նվիրված հուշամեդալների շարքը, բացիկներ, նամականիշներ և այլն։
Ցուցադրության բացմանը հաջորդեց ՀՑԹԻ-ի աշխատակիցների պարգևատրման և շնորհակալագրերի ու մեդալների հանձնման արարողությունը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը գործելու է մինչև
2021 թ. ապրիլ ամիսը:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին