23.09.2022
2022 թ. ապրիլի 19-ին Երևանի ավագանին որոշում ընդունեց Նուբարաշենի 13-րդ փողոցն անվանակոչելու «Նոր Զմյուռնիա»: Սեպտեմբերի 14-ից 16-ը տեղի ունեցած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում մասնակիցներն այցելեցին Նուբարաշեն՝ ներկա գտնվելու Նոր Զմյուռնիայի փողոցի անվանակոչման արարողությանը:
Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Փաշան (1825-1899), ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում, ապա տեղափոխվել Եգիպտոս։ Նուբարյանները սերում են 18-րդ դարավերջին Արցախից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի գերդաստանից:
Հայ ականավոր քաղաքական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադիր ու առաջին նախագահ Պողոս Նուբարը (1851-1930) ծնվել է Կ.Պոլսում, կրթություն ստացել նախ Ֆրանսիայում, ապա՝ Շվեյցարիայում։ 1912 թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կոնդակով, Պողոս Նուբարը նշանակվել է Հայ ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝ հայ ժողովրդի դատն ու իրավունքները եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում պաշտպանելու մանդատով։
Դեռևս 1926 թ. Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԲԸՄ-ը որոշում է ընդունում Խորհրդային Հայաստանում նոր ավանի կառուցման ֆինանսավորման մասին։ Ծրագրի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հայրենադարձությունը խթանելն էր։ Նախատեսված էր ՀԲԸՄ-ի 25-ամյակի առթիվ մինչև 1931 թ. ապրիլի 30-ը հանգանակել 250 000 ԱՄՆ դոլար, սակայն 1929 թ. վերջին հանգանակվել էր 153 000 ԱՄՆ դոլար։ Նուբարաշենի կառուցման ծրագիրը չի ձախողվում՝ շնորհիվ Պողոս Նուբարի հատկացրած 100 000 ԱՄՆ դոլարի: Փարիզում 1930 թ. ապրիլի 25-ին ՀԽՍՀ կառավարության և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների միջև ստորագրվում է «Համաձայնագիր Նուբարաշենի տիպար ավանի կառուցման մասին»: Դրա հիման վրա 1930 թ. ամռանը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երևանից 7 կմ հարավ-արևելք սկսվում է ավանի շինարարությունը:
Նուբարաշենի առաջին բնակիչները հայրենադարձվում են Հունաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Լիբանանից և Սիրիայից։ 1932 թ. Նուբարաշենն իր հյուրընկալ դռներն է բացում առաջին հայրենադարձների առջև՝ շուրջ 70 ընտանիք։ Հունաստանից Նուբարաշենում հաստատված առաջին գերդաստաններն էին Քյոսյանները, Բերբերյանները, Կզլյանները, Պարունակյանները, Չիլինգիրյանները, Մուշլյանները և ուրիշներ:
Նուբարաշենի առաջին երեխան՝ Նուբար Թադևոսի Բերբերյանը, լույս աշխարհ է եկել 1933 թ. հունվարի 10-ին: Նրա ծնողները հայրենադարձվել էին Հունաստանից. նրանց հատկացվել էր Նուբարաշենում կառուցված առաջին տունը: