24.02.2022
«Գրվածը մնում է, չգրվածը՝ կորչում…» ժողովրդական ասացվածքով առաջնորդվելով՝ Գևորգ Սողոմոնյանը, ում հայրը՝ Գալուստ Գևորգի Սողոմոնյանը, Հայոց ցեղասպանության վերապրողներից էր, որոշում է թղթին հանձնել իր ընտանեկան տոհմածառից որոշ կենսագրական տվյալներ և կյանքի դրվագներ: Հուշագրության մի մասը հոր պատմածների վերապատմումն է, մյուս մասը՝ իր անձնական-ընտանեկան հուշագրումը: Սողոմոնյանների գերդաստանի մասին այս պատառիկ գրառումներն ամփոփված են տետրակի մեջ, որը պահպանվում է ՀՑԹԻ ֆոնդերում:
Սողոմոնյան գերդաստանի մի ճյուղից էր նաև Կոմիտաս Վարդապետը. Գալուստ Սողոմոնյանը և Կոմիտաս Վարդապետը հորեղբոր տղաներ էին: Սակայն Գալուստ Սողոմոնյանը Հայաստանում բնակվելու տարիներին ծածուկ էր պահում այս փաստը, որովհետև, ինչպես հուշագրության մեջ նշում է իր որդին, հայրը բազմիցս լսել էր
«հայ հայտնի մտավորականների նկատմամբ Հայաստանում կոմունիստական բռնապետության բռնած դիրքի մասին, ուստի սարսափում էր հանդես գալ իբրև Կոմիտասի ազգական…»: Այս հուշագրության մեջ հոր՝ Գալուստ Սողոմոնյանի կյանքի պատմությունն ներկայացնելիս Գևորգ Սողոմոնյանն անդրադառնում է նաև այդ փաստին, քանի որ այդպես էր խնդրել իր հայրը:
Այսպես՝ Գալուստ Սողոմոնյանի հայրը ծնվել էր Նալլուխան քաղաքում
[1]: Նա հարուստ վաճառական էր և տարվա մեծ մասը շրջագայության մեջ էր: Տեղահանության ժամանակ Գալուստը տարիքով փոքր էր, և նրա պատմածները մանկական վախի ու սարսափների պոռթկումներ էին:
1915 թ. ամենաօրհասական թվականն էր Գալուստ Սողոմոնյանի կյանքում, ինչին առանձնակի է անդրադարձ արվում: Հուշագրությունում մասնավոր դրվագներ կան պարտադրված տեղահանության ճանապարհից, ինչպես նաև Հալեպում իրենց կյանքի մասին, որտեղ երեք եղբայրն էլ կուրանում են: Անդրադարձ կա նաև Հայեպի որբանոցային կյանքին, ապա՝ տեղահանության նոր ալիքի հետևանքով Հունաստանում անցկացրած օրերի մասին:
«1932 թիվ: Սովետական Հայաստանը օտար երկրներում խարխափող իր զավակներին հրավիրում է հայրենիք: Մենք ևս հայտնվեցինք գաղթի ճանապարհը բռնել ցանկացող հայերի ցուցակում…Այստեղ 1934 թվականին ծնվում մեր որդի Գևորգը»,- նշում է Գալուստ Սողոմոնյանը: Այս թվականից ի վեր՝ նրանք մշտական բնակություն են հաստատում Հայաստանում:
Գևորգ և Գալուստ Սողոմոնյանները
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կոմիտաս Վարդապետը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Էլինա Միրզոյան
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.
Ծանոթագրություններ
[1] Քյոթահիայի մոտ: