24.02.2024
Փետրվարի 28-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ժամը 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։
Ժամը 14.30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում (մուտքը վարչական շենքի կողմից) կկայանա գիտագործնական հանդիպում, նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ -ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։ Հակիրճ զեկուցումներով հանդես կգան Հրանուշ Խառատյանը և Արսեն Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, պատմ. գիտ. թեկնածուներ), Թաթուլ Մկրտչյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր), Գրիշա Օգանեսովը («Самооборона армян Кировабада в 1988-1989 гг. глазами очевидцев» (Երևան, 2014) գրքի համահեղինակ և կազմող), Վիլեն Գաբրիելյանը («Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր), Մարիամ Ավագյանը («Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ համակարգող, կենսաբ. գիտ. թեկն.), Հարություն Մարությանը (ՀՑԹԻ «Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր)։ Ելույթներին ու հարցերին կհաջորդեն գործնական քննարկումները։