24.04.2017
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
Ապրիլի 24-ը 1920-ական թվականներից նշվում է որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր:
1965թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճեղքվեց լռության այն պատը, որ այս խնդրի շուրջ ստեղծվել էր խորհրդային իշխանության տարիներին:
Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի, այդ թվում և` սփյուռքահայերի, սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող: Հավերժական կրակի շուրջ դրված ծաղիկներից կարծես ծով է գոյանում` առավել ազդեցիկ դարձնելով տեսարանը: